Հայաստանի պետական ֆիլհարմոնիան նոր համերգաշրջանը մեկնարկում է վերաբրենդավորմամբ ու հագեցած ծրագրերով
5 րոպեի ընթերցում
Նոր գաղափարներով, ծրագրերով ու վերաբրենդավորմամբ՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան սեպտեմբերի 5-ին կմեկնարկի 2025-2026 համերգաշրջանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոր համերգաշրջանին ընդառաջ՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գրադարանում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացվեցին նոր համերգաշրջանի ծրագրերը, սպասվող նախագծերն ու Ֆիլհարմոնիայի նոր բրենդի շնորհանդեսը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի խոսքով՝ Ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» դահլիճն տարեցտարի նոր տեմպերով է առաջ ընթանում՝ համահունչ քայլելու աշխարհում զարգացող նմանատիպ կառույցների հետ։
«Մենք հասել ենք այն ռիթմային ու տեմպային արագությանը, որ կարողանում ենք դառնալ մրցունակ և առաջարկ անել աշխարհին, իսկ դա շատ կարևոր հանգամանք է, այսինքն՝ կառույցի սիրտը բաբախում է աշխարհի հետ համահունչ։ Դա պայմանավորված է ամբողջ այն ռեպերտուարային աշխատանքով, բացահայտումներով, որ պետական ֆիլհարմոնիան մեր հանդիսատեսին և զբոսաշրջիկներին առաջարկում է ամբողջ տարվա ընթացքում»,-նշեց փոխնախարարը։
Նրա խոսքով՝ այդ ռիթմը պահպանելու համար պետության կողմից մեծ ներդրումներ են կատարվում։ Մասնավորապես անցած տարի 83 միլիոն դրամի չափով ներդրում է կատարվել Ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» դահլիճի աթոռները փոխելու համար։
Դանիելյանի դիտարկմամբ՝ արդյունքում դահլիճը լիովին համապատասխանեցվել է եվրոպական ստանդարտներով համանման կառույցներին։
Բացի այդ՝ 86 միլիոն դրամ է տրամադրվել նոր «Steinweay & Sons» համերգային ռոյալ գնելու համար։
«Բնականաբար, այդ բոլոր ներդրումները գալիս են ստեղծելու հարմարավետությունը, բարձրացնելու դահլիճի մրցունակությունը և էլ ավելի մեծ հնարավորություններ են տալիս՝ այն քարտեզագրելու համաշխարհային հարթակներում՝ որպես հյուրընկալ, հարմարավետ ու շատ բարձր որակի պրոֆեսիոնալիզմով հագեցած թիմի կառույց»,-կարևորեց փոխնախարարը։
Ներկայացնելով նախագծերն ու առաջիկայում մեկնարկող համերգաշրջանի ծրագրերը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղդյանը կարևորեց ՀՀ մարզերի ընդգրկումն ու «Ֆիլո» ծրագիրը, որի շրջանակներում կազմակերպվում են հանդիպումներ երեխաների հետ։
Նրա գնահատմամբ՝ երեք տարվա ընթացքում վերջինս շատ է սիրվել ու մեծ հետարքրքություն առաջացրել։
Անդրադառնալով նոր համերգաշրջանին Նաղդյանը նշեց, որ բացումը կազդարարվի «The Nexus Artists» նախագծի համերգով, որը կոչված է միավորելու տարբեր մշակույթներ և երաժշտական ժանրեր։
«Խումբը ելույթ կունենա հետևյալ կազմով՝ Գրեհեմ Սաթլեր՝ տրոմբոն, վոկալ (Ավստրալիա), Իսայաս Ալվես՝ հարվածային գործիքներ (Բրազիլիա),Լյուսի Խանյան և Աննա Միքայելյան՝ ստեղնաշարային գործիքներ (Հայաստան)։ Համերգը կոչվում է «Music Healing» համերգը, որը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին՝ 20։00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում»,-մանրամասնեց տնօրենը։
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հետ համատեղ սեպտեմբերին կկայանա Erevan Music Week միջազգային փառատոն-համաժողովը։ Այդ շրջանակներում Երևան կժամանեն ավելի քան 30 արտիստներ, խմբեր, և խոսնակներ աշխարհի տարբեր երկրներից։ Նոր համերգաշրջանից Ֆիլհարմոնիան միջոցառումները կհյուրընկալի իր 5 դահլիճներում։
Սեպտեմբերի ընթացքում նախատեսվում են նաև մի շարք այլ ուշագրավ նախաձեռնություններ, այդ թվում՝ «Music across borders» հայ-գերմանական կրթամշակութային ծրագիրը՝ կիթառահար Թոմաս Ֆելոուի մասնակցությամբ, Alatone համերգային նախագիծը՝ Իսպանիայից, Պորտուգալիայից, Ռուսաստանից, և Ղազախստանից ժամանած երաժիշտների մասնակցությամբ։
Ինչպես նշվեց ասուլիսին՝ նոր համերգաշրջանի ամենակարևոր նորություններից է Ֆիլհարմոնիայի վերաբրենդավորումը։ Ամիսներ շարունակ մշակված բրենդ- ինքնության տարրերը կամբողջանան և կամփոփվեն մեկ բրենդբուքում՝ վիզուալ հաղորդակցական ընդհանուր արժեհամակարգի շուրջ։ Վերաբրենդավորման արդյունքում մշակված նոր լոգոտիպը, որը ներշնչված է Ֆիլհարմոնիայի պատմական շենքի ճակատից։ Լոգոտիպում շենքի սյուները վերածվել են մինիմալիստական, ռիթմիկ գծերի, որոնք հիշեցնում են թվային ձայնալիքներ, երգեհոնի խողովակներ կամ դաշնամուրի ստեղներ։
Արտյոմ Նաղդյան, Դանիել Դանիելյան, Գրեհեմ Սաթլեր, Իսայաս Ալվես
Դանիել Դանիելյան
Արտյոմ Նաղդյան, Դանիել Դանիելյան, Գրեհեմ Սաթլեր, Իսայաս Ալվես
Իսայաս Ալվես
Գրեհեմ Սաթլեր
Արտյոմ Նաղդյան, Դանիել Դանիելյան, Գրեհեմ Սաթլեր, Իսայաս Ալվես
Արտյոմ Նաղդյան