Տնտեսություն

Վարչապետը ընդունել է Ասիական զարգացման բանկի նախագահին

2 րոպեի ընթերցում

Վարչապետը ընդունել է Ասիական զարգացման բանկի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի նախագահ Մասատո Կանդային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը ողջունել է պարոն Կանդայի այցը Հայաստան և շնորհավորել նրան ԱԶԲ-ի նախագահի պաշտոնում նշանակվելու առիթով: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս այցը առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ համընկնում է Հայաստանի և ԱԶԲ-ի գործընկերության 20-ամյակի հետ: Վարչապետը շեշտել է ՀՀ Կառավարության և ԱԶԲ-ի միջև համագործակցության հետևողական զարգացման փաստը և նշել, որ ԱԶԲ-ն կարևոր դեր է խաղացել Հայաստանի զարգացման նպատակներին աջակցելու գործում՝ սկսած ենթակառուցվածքների արդիականացումից, պետական կառավարման համակարգում բարեփոխումներից մինչև ներառական և կայուն աճի խթանում։

Մասատո Կանդան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և շնորհավորանքների համար՝ նշելով, որ ԱԶԲ-ն բարձր է գնահատում ՀՀ Կառավարության հետ սերտ գործակցությունն ու պատրաստ է հետագայում ևս ակտիվորեն նպաստել մեր երկրում տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացմանը:

Զրուցակիցները քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել բնակարանային ապահովման, սեյսմիկ անվտանգության բարելավման, դպրոցաշինության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համագործակցության շուրջ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում