Հայաստանն ու Մեծ Բրիտանիան պայմանավորվել են հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի

6 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովային տարածքների պետնախարար Սթիվեն Դաութին 2025թ. օգոստոսի 26-ին Երևանում անցկացրել են Հայաստան - Միացյալ Թագավորություն ռազմավարական երկխոսության երկրորդ փուլը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ 

Հիմք ընդունելով 2023 թվականին Լոնդոնում անցկացված Ռազմավարական երկխոսության անդրանիկ հանդիպումը՝ երկու կողմերը գնահատել են ձեռք բերված առաջընթացը և վերահաստատել են բարձր մակարդակի պարբերական շփումների կարևորությունը՝ Հայաստան-Միացյալ Թագավորություն երկկողմ գործընկերության հետագա ամրապնդման և ընդլայնման համար։

Կողմերը վերահաստատել են իրենց վճռական հանձնառությունը տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում ժողովրդավարությանը, իրավունքի գերակայությանը և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը՝ խարսխված ընդհանուր արժեքների, միջազգային իրավունքի, ժողովրդավարական սկզբունքների և կանոնների վրա հիմնված միջազգային կարգի հարգանքի վրա:

Հայաստանյան կողմը ներկայացրել է երկրում ընթացող ժողովրդավարական վերափոխումները՝ ներառյալ ժողովրդավարության ամրապնդմանը, իրավունքի գերակայության առաջմղմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև հակակոռուպցիոն միջոցառումների ընդլայնմանն ուղղված ջանքերը: 

Միացյալ Թագավորությունը բարձր է գնահատել Հայաստանի առաջընթացը և վերահաստատել իր աջակցությունը նշյալ բարեփոխումների շարունակականությանը:

Կողմերը համաձայնել են բարձրացնել հարաբերությունները Ռազմավարական գործընկերության մակարդակի: Կողմերը քննարկել են անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնումը, այդ թվում՝ ապագայում բարձր մակարդակի շփումները, պաշտպանության հարցերով ռազմական կցորդների փոխանակումը և առավել սերտ համագործակցությունը կիբեռանվտանգության և հիբրիդային սպառնալիքների հակազդման ոլորտներում:

Հարաբերությունների մակարդակի բարձրացման համատեքստում  երկուստեք ընդգծվել է տնտեսական համագործակցության շարունակական խորացման կարևորությունը: Կողմերը մտադրություն են հայտնել խորացնել գործարար կապերը և խթանել տնտեսական աճը փոխգործակցության միջոցով, այդ թվում՝ աջակցելով Հայաստանի ներառական տնտեսական զարգացմանը, բարեփոխումներին և դիվերսիֆիկացիային՝ միջազգային ֆինանսական հաստատությունների հետ համագործակցաբար։ Կողմերը քննարկել են ՀՀ-ՄԹ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Հայաստանը կարևորել է ՄԹ-ի արտահանման ֆինանսավորման գործիքի ներուժը առևտրի և ներդրումների խթանման գործում:

Կողմերը նաև ողջունել են միջմարդկային շփումների աճը և ընդգծել մասնագիտական փոխանակումների, կրթության և մշակույթի ոլորտներում հետագա համագործակցության կարևորությունը։

Անդրադառնալով տարածաշրջանային և միջազգային խնդիրներին՝ կողմերը կարծիքներ են փոխանակել առանցքային զարգացումների՝ ներառյալ Միջին Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ։ 

Հատուկ ուշադրություն է հատկացվել Հարավային Կովկասին։ Միացյալ Թագավորությունը ողջունել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռք բերված համաձայնությունները՝ ընդգծելով, որ դրանք վճռական քայլեր են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման ուղղությամբ՝ հիմնված միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի։

Կողմերը վերահաստատել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների բացման կարևորությունը՝ տարածաշրջանում և հարակից շրջաններում խաղաղության, կայունության և բարգավաճման խթանման նպատակով՝ հիմնված փոխադարձության, ինչպես նաև պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա։ Քննարկվել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ որպես տարածաշրջանային փոխկապակցվածության և տնտեսական համագործակցության ընդլայնման հարթակ։ 

Առաջիկա իրադարձությունների համատեքստում կողմերը քննարկել են 2026 թվականին Հայաստանում կայանալիք երկու խոշոր միջազգային միջոցառումները՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17)։ Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին COP17-ի արդյունավետ կազմակերպման հարցում՝ հստակ և նշանակալի արդյունքներ ապահովելու համար։

Երկխոսությունը եզրափակվել է Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերության հաստատմամբ երկկողմ հարաբերությունները խորացնելու և սերտ համագործակցությունն ընդլայնելու համատեղ հանձնառության վերահաստատմամբ: 

 

Հայերեն العربية English Français ქართული Русский 中文

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26

Երևանում Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ

Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

ԿԸՀ-ն «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 12 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել

Մանուել Տուլիպան ճանաչվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն մարզիչ

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ