Ասֆալտապատվում է Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյան փողոցը
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյան փողոցում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են ճանապարհի երթևեկելի մասի ասֆալտապատման ու միակողմանի մայթի կառուցման աշխատանքներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Վիկտոր Համբարձումյան փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 303 միլիոն 102 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է Վիկտոր Համբարձումյան փողոցի երթևեկելի մասի ասֆալտապատում՝ 1867 գծամետր երկարությամբ և 19 հազար 635 քմ մակերեսով, միակողմանի մայթի կառուցում և ասֆալտապատում՝ 2507 քմ մակերեսով, ջրահեռացման համակարգի տեղադրում, ճանապարհի կահավորում և գծանշում։
Շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է 2023 թվականի աշնանը և ընդհատվել՝ «Վեոլիա ջուր» կազմակերպության կողմից ջրաշինական աշխատանքների իրականացման պատճառով։ Շինարարությունը, որն իրականացնում է «Կապավոր» ՍՊԸ-ն, նախատեսվում է ավարտել 2025 թվականի ընթացքում։