Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Աղջկա որս»-ն՝ առաջատար. թարգմանական. հուլիս, 2025

10 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր». «Աղջկա որս»-ն՝ առաջատար. թարգմանական. հուլիս, 2025

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է հուլիսի վաճառքների հիման վրա: 

Քրիս Յուանի «Աղջկա որսը» առաջին տեղում է։ Մեն կղզու լեգենդար մոտոցիկլավարի որդին՝ Ռոբը վթարի է ենթարկվում։ Հիվանդանոցում ամեն ինչ ներկայացվում է որպես դժբախտ պատահար, բայց, իրականում, տղան, իր կամքից անկախ ներքաշվել է մութ պատմության մեջ։ Ռոբը կարող էր հարցեր չտալ և մնալով հիվանդանոցում՝ ապաքինվել, բայց նա որոշում է գնալ վթարի հետքերով՝ վտանգելով կյանքը՝ և արդյունքում նաև բացահայտելով դառը ճշմարտությունը, որը թաքցնում էր իր ընտանիքը։

Տոշիկազու Կավագուչիի «Նախքան սուրճը կսառի» երկրորդ տեղում է։  Տոկիոյի մի գողտրիկ սրճարան, որտեղ անչափ համեղ սուրճ են մատուցում, իր այցելուներին հնարավորություն է տալիս վերադառնալ անցյալ։ Սրճարանն ունի իր կանոնները, որոնցից ամենախիստն այսպիսին է. «Պետք է խմես սուրճը նախքան այն կսառի», որպեսզի ճիշտ ժամանակին վերադառնաս ներկա, այլապես...

Դեն Բրաունի «Դա Վինչիի ծածկագիրը» երրորդ տեղում է։ «Դա Վինչիի ծածկագիրը» Դեն Բրաունի վիպաշարի երրորդ վեպն է։ Այս անգամ ևս խորհրդանշանագետ հերոսը իր մասնագիտական ողջ ներուժը ներդնելու է՝ բացահայտելու Լուվրի խնամակալներից մեկի արտասովոր սպանությունը։ Վեպում, սյուժեի զարգացմանը զուգընթաց, ընթերցողը անընդհատ կտեղափոխվի անցյալ՝ ծանոթանալով Քրիստոսի կյանքի որոշ դրվագների և Դա Վինչիի ստեղծագործությունների՝ հեղինակի առաջարկած մեկնաբանմանը։

Քրիս Յուանի «Տան որսը» չորրորդ տեղում է։ Հայերեն թարգմանված այս նոր անգլիական դետեկտիվը՝ Քրիս Յուանի կատարմամբ, արդեն իսկ խոստանում է դառնալ ամենամեծ գրքային իրադարձություններից մեկը Հայաստանում: Գերլարված, խելացի մտածված և անսպասելի հանգուցալուծումներ ունեցող սյուժեն կստիպի ձեզ մոռանալ բոլոր այլ գործերի մասին և կգամի ձեզ գրքի էջերին գիշերներ շարունակ:

Աննա Ջեյնի «Կոտրված սիրտը» հինգերորդ տեղում է։ Ես ամեն օր տեսնում եմ նրան դիմացի տան պատուհանից: Նա իմ նոր դպրոցի ամենաուժեղ տղան է: Գեղեցիկ, վտանգավոր և միայնակ տղան, ում համար բոլորը խենթանում են, իսկ նա ինձ չի էլ նկատում: Մի անգամ նա փրկեց ինձ դասընկերուհիներիցս, ովքեր որոշել էին իմ կյանքը դժոխքի վերածել: Բոլորի մոտ հայտարարեց, որ ես իր ընկերուհին եմ և գողացավ իմ առաջին համբույրը: Այժմ ոչ ոք չի համարձակվում ինձ վիրավորել, քանի որ չեն ուզում նրա հետ որևէ գործ ունենալ: Փոխարենը ես պետք է կատարեմ նրա յուրաքանչյուր ցանկությունը: Ես նրան տանել չեմ կարողանում, բայց ստիպված եմ ենթարկվել, եթե ուզում եմ դպրոցը առանց խնդիրների ավարտել: Ու՞մ սիրտն է կոտրվելու: Ի՞մ, թե՞ նրա:

Քարեն Մակմանուսի «Մեզնից մեկը վերադարձել է» վեցերորդ տեղում է։ 

Երրորդ խաղը ճակատագրական է։ Սայմոնի մահից երկու տարի անց Բեյվյուի ընկերախումբը փորձում է հաղթահարել իրադարձությունների հետևանքները: Սկզբում նրանք ստիպված էին ապացուցել, որ մարդասպան չեն։ Հետո նոր սերունդը պայքարեց վրեժխնդիր եղող կրկնօրինակի դեմ ու հաղթեց։ Այժմ Բեյվյուի քառյակը վերադարձել է տուն՝ ամառային հանգստի համար։ Բայց Բեյվյուում կյանքը երբեք հանդարտ չի լինում։ «Նոր խաղի ժամանակն է, Բեյվյո՛ւ» գրությամբ գովազդային վահանակը սկզբում չար կատակ թվաց: Բայց թիմի անդամի անհետացումից հետո ակնհայտ էր, որ խաղն իրական է՝ առանց խաղավարի ու նույնիսկ կանոնների: Սարսափ խաղը կարող է մահով ավարտվել: Չէ՞ որ Սայմոնը ճիշտ էր. գաղտնիքները մի օր անպայման բացահայտվում են, Բեյվյուն էլ թաքցնելու շատ բան ունի։

Նարինե Աբգարյանի «Ապրել» գիրքն յոթերորդ տեղում է։ Այն 31 պատմվածքների ժողովածու է։ Բերդ քաղաքի մարդկանց մասին է, ովքեր  կրում էին Արցախյան առաջին պատերազմի զրկանքները։ Իրենց առօրյայով, ցավերով ու հույսերով ապրող տավուշեցիների պատմություններն են։ Գիրքը պատերազմից փրկվածների մասին է ու նրանց մասին, ովքեր դարձան այդ արհավիրքի զոհը։ Հեղինակն ասում է՝ պատերազմի մասին գրելը նշանակում է նայել մահվան աչքերի մեջ ու փորձել չփախցնել հայացքը։ Չէ՞ որ ինքդ քեզ կդավաճանես, եթե չկարողանաս ուղիղ նայել։ Կյանքը մահից արդար է․ սա է ճշմարտությունը։ Սրան պետք է հավատալ՝ ապրել կարողանալու համար։

Աննա Ջեյնի «Երկրպագուն» գիրքը ութերորդ տեղում է։ Անգելինա Լանսկայային ամեն օր ծաղիկներ են ուղարկում: Ծաղիկները միշտ զույգ թվով են: Անգելինան գաղափար անգամ չունի, թե ով է ուղարկում դրանք: Խորհրդավոր երկրպագուն փորձում է խենթացնել աղջկան, խաղում է նրա հետ, անընդհատ վախի մեջ պահում ու կախվածություն առաջացնում: Երկրպագուն լավ գիտի, թե ոնց Անգելինային իր թակարդը գցի: Անգելինա Լանսկայան՝ հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհին, առաջին հայացքից անմեղ հրեշտակ է թվում, բայց այդ անմեղության տակ շատ գաղտնիքներ կան թաքնված: Նա չի հիշում մանկությունը, գիշերները տանջվում է մղձավանջներից ու անընդհատ պայքարի մեջ է իր ներսի դևի հետ: Անգելինան իդեալական թեկնածու է «Լեգեոն» անունով փակ ակումբի համար: Բայց ու՞մ դերում: Զոհի՞, թե՞ մարդասպանի: Սե՞ր, թե՞ մահ: Ի՞նչն է հաղթելու: Արյունոտ խաղադրույքները արված են:

Մայք Օմերի «Զոհի աչքերով» իններորդ տեղում է։ Քրեական հոգեբան Զոի Բենթլին և ՀԴԲ գործակալ Թեյթում Գրեյը պետք է բացահայտեն հերթական սերիական մարդասպանին, որը բավականաչափ խելացի և մտածված է գործում՝ չթողնելով ոչ մի հետք։ Սակայն Բենթլիից թաքնվել չի հաջողվի․ այս անգամ նա կտեսնի ողջ պատկերը զոհի աչքերով, իսկ Գրեյը, նայելով նրա աչքերին, կգտնի մարդասպանին։

Յու Նեսբյոյի «Ձնեմարդը» տասներորդ տեղում է։ Քիչ է ասել, թե սկանդինավյան դետեկտիվն իր ուրույն տեղն է զբաղեցնում ժանրի բազմատեսակության մեջ. դետեկտիվ վեպն սկզբնավորվել է հենց Սկանդինավիայում, ավելի ստույգ՝ Նորվեգիայում՝ Մորից Քրիստոֆեր Հանսենի «Ինժեներ Ռոլֆսենի սպանությունը» (1839) վեպով, և հետագայում էլ նորվեգական գրականությունը ժանրին մոռացված ու հանրահայտ բազմաթիվ այլ հեղինակներ է տվել, որոնցից ամենահռչակավորը ողջ աշխարհում Յու Նեսբյոն է՝ տագնապի աճող մթնոլորտով ու սարսափի տարրով, սյուժեի լարված զարգացմամբ ու հոգեբանական ներթափանցումներով հատկանշվող բազմաթիվ քրեավեպերի հեղինակ, որոնց մեջ ամենահանրահայտը՝ «Ձնեմարդը» (2007) թարգմանվել է մի քանի տասնյակ լեզվով ու վաճառվել մի քանի տասնյակ միլիոն տպաքանակով, արժանացել Նորվեգիայի գրավաճառների և ընթերցողների մրցանակներին և 2017 թ. էկրանացվել շվեդ ռեժիսոր Թոմաս Ալֆրեդսոնի կողմից: Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ու նրա մերձակայքում կանայք են անհետանում: Հարի Հոլեն՝ Օսլոյի ոստիկանության՝ ալկոհոլային կախվածությունից տառապող, բայց սուր հոտառությամբ օժտված ու սրամիտ հետաքննիչը համոզված է, որ այդ անհետացումների միջև օրինաչափություն է պետք հայտնաբերել: Ի՞նչ ընդհանրություններ ունեն այդ կանայք: Պատահականություն է արդյո՞ք, որ դեպքի վայրում միշտ ձնեմարդ է կանգնած լինում: Ինչու՞ է սովորական ձնեմարդը տեսնողին սոսկանք ներշնչում։ «Ձնեմարդը» տագնապալի լարվածության մեջ է մեզ պահում, իսկ տպավորիչ կասկածյալների իսկական պատկերասրահն վեպի ընթերցանությունը դարձնում է անմոռանալի։

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

 

ՏեղՓոփոխ․Գիրք Հրատ․Քանակ
1*

Քրիս Յուան,

 «Աղջկա որսը»

Դավինչի78
2+4

Տոշիկազու Կավագուչի,

 «Նախքան սուրճը կսառի»

Դավինչի76
3Նոր

Դեն Բրաուն,

«Դա Վինչիի ծածկագիրը» 

Զանգակ73
4+6

Քրիս Յուան,

 «Տան որսը»

Դավինչի71
5-3

Աննա Ջեյն,

 «Կոտրված սիրտը»

Բուքփրայզ56
6Նոր

Քարեն Մակմանուս,

 «Մեզնից մեկը վերադարձել է»

Newmag50
7-6

Նարինե Աբգարյան,

 «Ապրել»

Newmag46
8-3

Աննա Ջեյն,

 «Երկրպագուն»

Բուքփրայզ45
9*

Մայք Օմեր,

 «Զոհի աչքերով»

Դավինչի35
10Նոր

Յու Նեսբյոյի

 «Ձնեմարդը»

Զանգակ32
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում