Ֆինանսների և ներդրումների ոլորտի հեղինակավոր մասնագետները կբանախոսեն Power Consulting Days ծրագրում
5 րոպեի ընթերցում
Ներդրումների, կապիտալի շուկայի գիտելիքներ և պրակտիկ հմտություններ տրամադրելու նպատակով կազմակերպվող Power Consulting Days ծրագրի (PCD) ընթացքում տեղական մասնագետներից բացի, Երևան կժամանեն, կբանախոսեն և խորհրդատվություններ կանցկացնեն միջազգային հեղինակավոր ընկերությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ ու առաջատար փորձագետներ:
PCD ծրագիրն իրականացվում է Հայաստանի գործարարների, բիզնեսների բարձր օղակի կառավարիչների, ներդրումային խորհրդատուների, մասնավոր ներդրողների համար: Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել միջոցառման պաշտոնական կայքի միջոցով:
PCD ծրագրի գլխավոր բանախոսներից է Վրաստանի Կենսաթոշակային Գործակալության Ներդրումային Խորհրդի նախկին նախագահ Օլիվիե Ռուսոն: Նրա կարիերան սկիզբ է առել Ֆրանսիայի գանձապետարանում, շարունակվել BNP Paribas-ում, այնուհետև՝ ՎԶԵԲ-ում։ Հետագայում Ռուսոն զբաղեցրել է Ֆրանսիայի Կենսաթոշակային պահուստային ֆոնդի (FRR) համատնօրենի պաշտոնը։
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը հանդես կգա Հայաստանի տնտեսության ներկա իրավիճակի մասին բանախոսությամբ: Նա զբաղեցրել է մակրոտնտեսական դեպարտամենտի ղեկավարի և ՀՀ ԿԲ գործադիր կոմիտեի անդամի պաշտոնները, աշխատել դրամավարկային քաղաքականության, ֆինանսական կայունության և հետազոտությունների վարչություններում, Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետազոտությունների վարչությունում:
PCD ծրագրի մեկ այլ բանախոս, Galt & Taggart-ի գործադիր տնօրենի տեղակալ, Ներդրումային բանկային ստորաբաժանման ղեկավար Կետևան Թոիձեն պարտքային և բաժնետոմսային ֆինանսավորման ծրագրեր է ղեկավարել Եվրասիական տարածաշրջանի ավելի քան 12 երկրում: Նրա մասնագիտական ճանապարհը ներառում է նաև ՎԶԵԲ-ում աշխատանքը՝ Թբիլիսիում և Լոնդոնում:
Դոկտոր Ֆերնանդո Գոմես-Բակուերոն Cornell Tech-ի Jacobs Technion-Cornell Institute-ի Runway և Spinouts ծրագրերի տնօրենն է։ Նա դասախոսում է նաև Cornell University-ի SC Johnson College of Business բիզնես դպրոցում՝ համադրելով գիտական խորությամբ հիմնավորված գիտելիքները գործնական ձեռնարկատիրական պատկերացումների հետ։
Բանախոսների շարքում են նաև ոլորտի հեղինակավոր մասնագետներ, որոնք փորձ են կուտակել համաշխարհային առաջատար այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են UBS-ը, Credit Suisse-ը, Merrill Lynch-ը, Strategic Investment Group-ը, Blackstone-ը, Shearman & Sterling-ը և այլն:
Խորը մասնագիտական փորձ ու գիտելիքներ փոխանցող ծրագիրն իրականացվում է աշխարհում խոշորագույն աուդիտորական, հարկային և խորհրդատվական ցանցերից մեկի՝ BDO-ի անդամ BDO Armenia-ի և ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց հանդիսացող Orion Worldwide Innovations-ի կողմից: PCD ծրագրի Կազմակերպչական գործընկերն է Հայաստանի կենտրոնական բանկը, Գլխավոր գործընկերն է Շվեյցարական զարգացման կազմակերպությունը՝ Helvetas-ը:
BDO Armenia-ի մասին
Բի-Դի-Օ Արմենիա-ն, Բի-Դի-Օ Ըքքաունթինգը, Թաքս ընդ Լիգըլը և Բի-Դի-Օ Ըդվայզորին հանդիսանում են աշխարհում խոշորագույն աուդիտորական, հարկային և խորհրդատվական միջազգային ցանցերից մեկի՝ ԲիԴիՕ-ի անդամ։ Հիմնադրված լինելով 1963 թվականին՝ ԲիԴիՕ-ն Հայաստան մուտք է գործել 2010թ. և կարճ ժամանակում, իր շուրջը համախմբելով պրոֆեսիոնալ մասնագիտական թիմ, հաջողությամբ ընդլայնել է տրամադրվող ծառայությունների ցանկն՝ ապահովելով առաջատար դիրքերից մեկը հայաստանյան շուկայում:
«Orion»-ի մասին
«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։