Մարզեր

Սևանում նոր ուստարվան ընդառաջ հրավիրվել է նախադպրոցական ուսհաստատությունների տնօրենների խորհրդակցություն

3 րոպեի ընթերցում

Սևանում նոր ուստարվան ընդառաջ հրավիրվել է նախադպրոցական ուսհաստատությունների տնօրենների խորհրդակցություն

Նոր ուսումնական տարվան ընդառաջ Սևանի համայնքապետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ համայնքապետարանի աշխատակազմի, նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների և աշխատակիցների  մասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը խորհրդակցության սկզբում անդրադարձ է կատարել տարվա ընթացքում նախադպրոցական ուսումնական հասատատություններում  իրականացված աշխատանքներին, ներկայացրել համայնքի այն մանկապարտեզների ցանկը, որոնք ներառված են կառուցման և վերանորոգման ծրագրերում: 

Ըստ բանախոսի՝ Սևան համայնքում գործում է 11 նախադպրոցական ուսումնական հաստատություն, որտեղ օգոստոսի 20-ից սեպտեմբերի 5-ը կազմակերպվելու և իրականացվելու է ընդունելության գործընթաց: Կոմպլեկտավորումը կատարվում է համաձայն ԿԳՄՍ նախարարի` 2021 թվականի հոկտեմբերի 11-ի  «Նախադպրոցական հաստատության սաների ընդունելության կարգի մասին» հրամանի:

Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ԿՄՍԵՀ բաժնի պետի  ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Հարությունյանն անդրադարձել է այն աշխատանքներին, որոնք իրականացվել են անցած ուսումնական տարվա ընթացքում, քննարկման առարկա դարձրել  հաստատություններում իրականացվող փաստաթղթաշրջանառության, սննդի կազմակերպման, պարապմունքների անցկացման, համաճարակային խնդիրներին վերաբերող հարցերը:

Աշխատակազմի գլխավոր մասնագետ Հասմիկ Հովհաննիսյանն անդրադարձել է առցանց հերթագրմանը, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների կազմակերպմանը, նոր խմբերի ձևավորման գործընթացին, միաժամանակ նշել, որ մանկապարտեզներում  երեխաների առցանց հերթագրումն իրականացվում է ողջ տարվա ընթացքում:

Սևան համայնքում գործող մանկապարտեզները լուծում են ոչ միայն կրթադաստիարակչական, այլ նաև սոցիալական խնդիրներ, քանի որ ծնողական վճարները զրոյացված են, մանկապարտեզներն ամբողջապես ֆինանսավորվում են Սևան համայնքի բյուջեի միջոցներով և աշխատում են լրիվ ծանրաբեռնվածությամբ: 

Նախադպրոցական այլընտրանքային ծառայություն է իրականացվում Սևան համայնքի 3 բնակավայրում` Նորաշեն, Ծաղկունք և Գեղամավան բնակավայրերում, որտեղ չկան մանկապարտեզներ: Այս ծրագիրը կյանքի է կոչվել ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Սևանի համայնքապետարանի համագործակցությամբ: 

Խորհրդակցության վերջում տրվել են համապատասխան հանձնարարականներ, մսնկապարտեզների տնօրենները հանդես են եկել առաջարկություններով:

Այս ուստարում Սևան համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններից դպրոց է հաճախելու 339 երեխա՝ 176 տղա, 163 աղջիկ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում