ՀՀ ԱԳՆ-ն ամփոփ ներկայացրել է Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցները տարբեր երկրների գործընկերների հետ
3 րոպեի ընթերցում

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն ամփոփել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ տարբեր երկրների իր գործընկերների հետ ունեցած հեռախոսազրույցները, որոնք հաջորդել են վաշինգտոնյան բանակցություններին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բադալյանն X–ի իր միկրոբլոգում գրել է.
«Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բանակցություններ է վարել Իրանի, Վրաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Ղազախստանի իր գործընկերների, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի հետ ՝ քննարկելով Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ նախագահների կողմից ստորագրված եռակողմ հռչակագրում արտացոլված և ձեռք բերված պայմանավորվածությունները»:
THIS WEEK ⤵️
— Ani Badalyan, 🇦🇲 MFA Spokesperson (@ArmSpoxMFA) August 16, 2025
Following Washington D.C. Summit, FM @AraratMirzoyan had 📞 conversations with counterparts from 🇮🇷, 🇬🇪, 🇫🇷, 🇷🇺, 🇰🇿 as well as 🇪🇺 HR/VP to touch upon the agreements reached & reflected in Trilateral declaration signed by ARM, AZ & @realDonaldTrump.
FM thanked for… pic.twitter.com/ZRBbSs3eRL
ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել պատմական իրադարձության, այդ թվում՝ Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ողջունելու և գործընթացին աջակցելու համար։
Խոսնակը հիշեցրել է, որ տեղի է ունեցել հեռախոսազրույց նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, որի ընթացքում քննարկվել են հռչակագրի իրականացման և վստահության ամրապնդման միջոցառումները։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու» համար (Trump Route for International Peace and Prosperity) հռչակագիրը ստորագրել են Վաշինգտոնում օգոստոսի 8-ին: Հռչակագրի 4-րդ կետով, մասնավորապես, սահմանվում է.
«Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Մենք հաստատում ենք մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար»։