Աշխարհ

Կլիմայի փոփոխությունն ավելացրել է դենգեով հիվանդացությունը

2 րոպեի ընթերցում

Կլիմայի փոփոխությունն ավելացրել է դենգեով հիվանդացությունը

Խաղաղ օվկիանոսի կղզիներում դենգե տենդով հիվանդացությունը հասել ամենաբարձր մակարդակին վերջին տասնամյակի ընթացքում, իսկ մի քանի երկրներ հայտարարել են արտակարգ դրություն: Հիվանդացածների կտրուկ աճի պատճառը  կլիմայական ճգնաժամն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին  հաղորդում է The Guardian-ը: 

Դենգե տենդը, որը Aedes մոծակների կողմից տարածվող վիրուսային վարակ է, առաջացնում է բարձր ջերմություն, սաստիկ  գլխացավ, հոդերի և մկանների ցավ, ցան և ծանր դեպքերում կարող է հանգեցնել մահվան: Տապը և բարձր խոնավությունն ստեղծում են կատարյալ պայմաններ մոծակների բազմացման համար:

Համաճարակաբանական հսկողության խաղաղօվկիանոսյան համակարգի (PSSS) տվյալներով, որը համագործակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ,  2025 թվականի սկզբից Խաղաղ օվկիանոսի կղզի պետություններում գրանցվել է դենգեի 16 502 հաստատված դեպք և 17 մահ: ԱՀԿ-ն հայտարարել է, որ տարածաշրջանում հիվանդացության մակարդակը հասել է առավելագույնի 2016 թվականից ի վեր: Առավել տուժածների շարքում են Ֆիջին, Սամոան և Տոնգան:

Խաղաղօվկիանոսյան համայնքի (SPC) գլխավոր տնօրենի տեղակալ Պաուլա Վիվիլին հայտարարել է, որ դենգե տենդի բռնկումները պատմականորեն սեզոնային են եղել: 

«Սակայն կլիմայի փոփոխության պատճառով վիրուսի փոխանցման սեզոնները երկարում են, և որոշ շրջաններում հիվանդանալու ռիսկը պահպանվում է կլոր տարի», - ասել է նա։

Դենգեն առաջին իրական հիվանդություններից մեկն է, որը կարելի է վերագրել կլիմայի փոփոխության հետևանքներին, կարծում է համաճարակաբան և Վաշինգտոնի համալսարանին կից  Ազդեցության, հիվանդությունների, գենոմիկայի և շրջակա միջավայրի կենտրոնի տնօրեն Ջոել Կաուֆմանը։ 

«Հորդառատ անձրևները նպաստում են ջրամբարներում ջրի անշարժացման՝ ստեղծելով մեծ հնարավորություններ մոծակների բազմացման համար», - պարզաբանել է նա։ 

Դենգեն համարվում է այն հիվանդություններից, որոնք կդառնան ավելի տարածված և ավելի լուրջ մոլորակի տաքացմանը զուգընթաց, համոզված է Կաուֆմանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում