Հիմնանորոգվում է Ակունքի Ավետիսյան փողոցը և գերեզմանոց տանող ճանապարհը
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ակունք գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են Ավետիսյան փողոցի և գերեզմանոց տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Ակունքի Ավետիսյան փողոցի և գերեզմանոց տանող ճանապարհի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 79 միլիոն 950 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է Ավետիսյան փողոցի և գերեզմանոց տանող ճանապարհի հիմնանորոգում՝ 998 գծամետր երկարությամբ և 5550 քառակուսի մետր մակերեսով։ Տեղադրվելու են ավազախճային հիմք, ասֆալտբետոնյա շերտ, ջրահեռացման համակարգ՝ երկաթբետոնյա կիսախողովակներով։
Շինարարական աշխատանքները սկսվել են 2025 թվականի օգոստոսի 5-ից և ավարտին կհասցվեն առաջիկա երեք ամիսների ընթացքում։ Այս պահին տեղադրվում են երկաթբետոնյա կիսախողովակները, ընթանում են հողային աշխատանքներ։