Հայտնի են Սևան համայնքում «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025» մրցանակաբաշխության մրցանակակիրները
3 րոպեի ընթերցում

2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը անցկացվող «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա» շրջանակներում, ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր Արևելք» տարածաշրջանային ծրագիրը, «Հայաստանի համայնքների միությունը», ինչպես նաև Հայաստանում Դաշնագրին անդամակցող համայնքները կազմակերպել էին «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով մի շարք միջոցառումներ և մրցույթներ, որոնց մասնակցել է նաև Սևան համայնքը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, համայնքում կայացել է բազմաբնույթ 21 միջոցառում և նախաձեռնություն, որին մասնակցել են մի շարք հաստատություններ, համայնքային ենթակայության կազմակերպություններ, բնակիչներ:
«ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա» շրջանակներում, որը մեկնարկել էր դեռևս մայիս ամսից, կայացել են նկարչական, լուսանկարչական, կարճ տեսահոլովակների մրցույթներ՝ «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով:
Սևան համայնքում ամփոփված մրցութային լավագույն աշխատանքները ներկայացվել են՝ ազգային մակարդակով մրցանակաբաշխությանը մասնակցելու համար:
Երեխաների և երիտասարդության համար կազմակերպված 3 մրցույթներում էլ Սևան համայնքն ունի հաղթող մասնակիցներ, որոնք արժանացել են հավաստագրերի և նվերների:
Նկարչական աշխատանքների մրցույթում հաղթող է ճանաչվել Սևանի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցի սան, 8 տարեկան Միշել Գրիգորյանը, լուսանկարչական աշխատանքների մրցույթում՝ Դդմաշեն բնակավայրի մանկապարտեզի տնօրեն Էմմա Ոսկանյանը, կարճ տեսահոլովակների մրցույթում՝ Սևան համայնքի Ս. Պետրոսյանի անվան թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզի դաստիարակչուհի Լիլիթ Օհանյանը:
Սևան համայնքում, «Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում», կանաչ և կայուն համայնքային զարգացման գործընթացների վերաբերյալ բնակիչների իրազեկության բարձրացմանը և երիտասարդության ներգրավմանն ուղղված միջոցառումների և մրցույթների հաջող կազմակերպման և ակտիվ լուսաբանման համար մրցանակի և հավաստագրի է արժանացել Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը:
Մրցանակաբաշխության ընթացքում ներկայացվել են համայնքներում իրականացված միջոցառումները, որոնց հաջորդել է մրցանակաբաշխության արարողակարգը: