ՍԱՏՄ նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

4 րոպեի ընթերցում

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2024 թվականի նոյեմբերի 11-ից 2025 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը (խմբ. նշված ժամանակահատվածում ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է Արմեն Դանիելյանը), օգտագործելով իր իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը, նույն տեսչական մարմնի պահեստապետի և մի շարք այլ աշխատակիցների օժանդակությամբ հափշտակել է իրեն վստահված՝ ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռք բերված և տեսչական մարմնի կարիքների համար նախատեսված վառելանյութերի կտրոնները, ինչպես նաև վերը նշված աշխատակիցների անվամբ սահմանվածից անհամեմատ ավել չափով անհիմն ելքագրված պարգևավճարները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։ 

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ տեսչական մարմնի պահեստապետը ՍԱՏՄ ղեկավարից ստացել և վաճառել է ընդհանուր 15․300 լիտր բենզինի և 1․000 լիտր դիզելային վառելիքի կտրոններ, որի արդյունքում առաջացած 7․844․000 ՀՀ դրամ գումարն անձամբ փոխանցել է ՍԱՏՄ ղեկավարին։ Բացի այդ, վերջինս հափշտակել է նաև տեսչական մարմնի հաշվեկշռում հաշվառված և իրեն վստահված՝ 2․926․080 ՀՀ դրամ արժողության 6․096 լիտր ավտոբենզինի կտրոնները: Արդյունքում՝ հիշյալ պաշտոնատար անձի կողմից հափշտակվել են ընդհանուր 10․770․080 ՀՀ դրամի 21.396 լիտր բենզինի և 1․000 լիտր դիզելային վառելիքի կտրոններ: 

Բացի դրանից, ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, տեսչական մարմնի աշխատակիցներին բացառապես ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված պարգևավճարներ տրամադրելու փոխարեն, մի շարք աշխատակիցների հանձնարարել է իր կողմից առանց հիմնավորման որպես պարգևատրում նրանց փոխանցված գումարների մի մասը կանխիկացնել և պահեստապետի միջոցով տրամադրել իրեն: Այդ կերպ վերջինս, իր իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, հափշտակել է իրեն վստահված խոշոր չափերով՝ ընդհանուր 3.454.000 ՀՀ դրամը։  

Ծառայողական լիազորություններն օգտագործելով խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու համար ՍԱՏՄ նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, իսկ նրան օժանդակած պահեստապետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով, 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:   Պետությանը պատճառված վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է շուրջ 10 մլն ՀՀ դրամը: 

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: 

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը