Իրավունք

Գլխավոր դատախազն առաջարկում է Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ պետությանը վերադարձված տարածքներում անտառ հիմնել

3 րոպեի ընթերցում

Գլխավոր դատախազն առաջարկում է Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ պետությանը վերադարձված տարածքներում անտառ հիմնել

Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող թվով արդեն հինգերորդ հողամասը, որի նկատմամբ, Գլխավոր դատախազության՝ դատարան ներկայացված հայցի բավարարման արդյունքում գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը, ամրացվում է Շրջակա միջավայրի նախարարությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը օգոստոսի 7-ի Կառավարության նիստում:

«Առաջարկվող նախագծով Երևան քաղաքի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող ևս մեկ՝ 1,7 հա մակերեսով հողատարածք ենք ամրացնում Շրջակա միջավայրի նախարարությանը:

Հողատարածքի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 2 միլիոն 686 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 1 միլիարդ 44 միլիոն դրամ է»,- նշել է դատախազը:

Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը վերականգնված մյուս 4 հողատարածքներն են.

  • 366 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով շուրջ 1 հա մակերեսով հողամաս
  • 254 միլիոն դրամ արժեքով 0,6 հա մակերեսով հողամաս
  • 654 միլիոն դրամ արժեքով 1,7 հա մակերեսով հողամաս
  • 646 միլիոն դրամ արժեքով 1,7 հա մակերեսով հողամաս

 «Հետևողական լինելով ապօրինի գույքի գործիքակազմի կիրառման արդյունքում վերադարձված գույքը հանրային բարիք դարձնելու և այն հանրօգուտ նպատակով օգտագործելու հայեցակարգին՝ օրեր առաջ գրություն եմ հասցեագրել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը վերականգնված այս 4 հողամասերի վերաբերյալ: Գրությամբ առաջարկվել է նշված հողամասերի ոռոգման համակարգն ապահովելուց հետո, այդ տարածքում հիմնել Երևանի բնակիչների կյանքի որակը բարձրացնող «թթվածնային գոտի»՝ անտառ։

 4 հողամասերից 2-ն արդեն ամրացվել են Շրջակա միջավայրի նախարարությանը, այս նախագծով ևս մեկն ենք ամրացնում: Առաջիկայում ևս երկու հողամաս կամրացնենք Նախարարությանը»,- ասել է նա: 

Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ միայն Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում, Գլխավոր դատախազության հայցերի բավարարման արդյունքում, մինչ օրս Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել շուրջ 7 հա մակերեսով հողատարածք, որի շուկայականին մոտարկված կադաստրային ընդհանուր արժեքը 3 միլիարդ դրամ է կամ՝ 7,8 միլիոն ԱՄՆ դոլար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում