Մենք չպետք է տրվենք տեղեկատվական և այլ սադրանքների. Արսեն Թորոսյանը՝ ՀՀ-ի վրա խաղաղության գործընթացի հետ կապված հիբրիդային հարձակումների ուժգնացման մասին

3 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Առողջապահության հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ հորդորել է չտրվել տեղեկատվական և այլ տեսակի սադրանքներին, որով փորձ է արվելու Հայաստանը շեղել խաղաղության և ինքնիշխան պետականության կառուցման ճանապարհից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արսեն Թորոսյանը նշել է. 

«Սիրելի ժողովուրդ, մոտ օրերին հիբրիդային հարձակումները մեր պետության վրա ուժգնանալու են, քանի որ մենք ավելի ենք մոտենում խաղաղության հաստատման մեր նպատակի իրագործմանը, ինչն էլ իր հերթին էականորեն բարձրացնելու է մեր ինքնիշխանությունն ու անկախությունը։

Այս նպատակի դեմ աշխատում է հայկական քաղաքական ներկապնակի մեծ մասը, ուղղորդված այնպիսի արտաքին ուժերի կողմից, որոնց պետք չէ խաղաղություն այս տարածաշրջանում, քանի որ այդ դեպքում նրանց ներկայության ներկայիս ձևը դառնալու է անիմաստ։ Նրանց նաև պետք չեն անկախ և ինքնիշխան պետություններ Հարավային Կովկասում, որոնք ինքնուրույն կարողանում են շփվել միմյանց հետ, լուծել միմյանց միջև եղած տարաձայնությունները, կառուցել վստահություն, որը երկար տարիներ չի եղել։

Հասկանալով սա՝ մենք չպետք է տրվենք նրանց տեղեկատվական և այլ տեսակի սադրանքներին, չպետք է տուրք տանք մանիպուլյացիաներին և տարատեսակ հին ու նոր քամիներին, որոնք մեզ փորձելու են շեղել խաղաղության և ինքնիշխան պետականության կառուցման կարևորագույն, բայց դժվար ճանապարհից։

Այս դժվար, բայց կարևոր ճանապարհը մենք միասին ենք անցնում, և մեզնից յուրաքանչյուրը՝ բառի բուն իմաստով յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, իր անգնահատելի դերն ունի այս գործընթացի հաջողության մեջ։ Ես վստահ եմ, որ մենք բոլորս, գիտակցելով այդ դերը, պինդ կանգնած կմնանք մեր պետականության կողքին։

Հետևեք պաշտոնական լրահոսին և լավ եղեք, քանի որ ամեն ինչ լավ է լինելու»։

Ավելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացվել էր, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը oգոստոսի 7-8-ին այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ 

Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։ 

Հայերեն English Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ