Երևանի պատմության թանգարանում բացվել է չինացի մեծանուն արվեստագետ Շաո Կեպինի ցուցահանդեսը

7 րոպեի ընթերցում

Երևան քաղաքի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Չինաստանի լեռներն ու գետերը» խորագրով ցուցահանդեսի հանդիսավոր բացումը, որը կազմակերպվել է Չինաստանի Նինբո քաղաքի թանգարանի հետ համագործակցությամբ և նվիրված է 20-րդ դարի չինական նոր փայտափորագրության ամենանշանավոր ներկայացուցիչներից մեկի` Շաո Կեպինի ստեղծագործություններին։ 

Շաո Կեպինի գործերում արտացոլված են հին Չինաստանի բնակչության տառապանքները, ինչպես նաև նոր Չինաստանի ժողովրդի կերտած նոր կյանքի պատկերը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի պատմության թանգարանի տնօրեն Գևորգ Օրբելյանը նշեց, որ նախորդ տարի լրացավ Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32-րդ տարեդարձը, որի շրջանակում Երևանի պատմության թանգարանն իր հավաքածուով Չինաստանի Նինբո քաղաքում ունեցավ մեծ ցուցահանդես։ 

Հայկական կողմը 2024 թվականին, ընդհանուր առմամբ, Գուանջո, Սիան և Նինբո քաղաքներում ներկայացել էր, մասնավորապես, «Հայաստան՝ Նոյի երկիր», «Ծաղկած նռենի» ցուցահանդեսներով, ինչպես նաև հիմնական հավաքածուով, որն ընդգրկում էր հայկական տարազներ, գորգեր, արծաթե գոտիներ, կենցաղային աքսեսուարներ, նկարներ։ Ցուցադրություններն ունեցել են մեծ արձագանքներ, տպագրվել է կատալոգ։ Յուրաքանչյուր քաղաքում հայկական ցուցահանդեսներն ունեցել են շուրջ 800 հազար այցելուներ երեք ամսվա ընթացքում։   

«Կնքվել էր հուշագիր, որի համաձայն՝ 2025 թվականին փոխադարձ այցելությամբ չինական կողմը պետք է ներկայացներ Չինաստանի մշակութային ժառանգությունը։ Այդ առթիվ մեզ մոտ Նինբո քաղաքի թանգարանից ժամանակավորապես բերվել են 40 բացառիկ փայտափորագրանկարներ։ Դրանցում ներկայացված են չինական բնապատկերները, չինական փիլիսոփայությունը։ Հեղինակը՝ Շաո Կեպինը, 20-րդ դարի ամենահայտնի չին արվեստագետներից է։ Ներկայացված աշխատանքները մինչև սեպտեմբերի 24-ը մեզ մոտ ներկայացվելու են այցելուներին»,- ասաց Օրբելյանը։

Նա հավելեց, որ նման ցուցահանդեսը ևս մեկ առիթ է՝ընդգծելու թանգարանների դերը որպես մշակութային յուրատեսակ հանգույցների, որոնք նաև հարթակներ են՝ ներկայացնելու միջազգային ցուցադրությունները։ 

«Սա պատուհան է դեպի Արևելք։ Այցելուները զմայլվում են և տեսնում այն հրաշալի ժառանգությունը, որը հենց չինական մշակույթն է ներկայացնում։ Ցուցահանդեսը կարող է խթանել այցելությունները։ Այն իրականացավ մեր գործընկերոջ՝ Հայ-չինական գործընկերության կենտրոնի աջակցությամբ։ Հաջորդ տարի պլանավորում ենք չինական այլ քաղաքում ներկայացնել Երևանի պատմության թանգարանի շուրջ 120 նմուշներից բաղկացած հավաքածուն։ Չինաստանի թանգարաններում մուտքն, ընդհանուր առմամբ, անվճար է, և շատ մեծ ցուցադրությունների նախագծերն ունենում են մեծ արդյունք՝ երկիրը գովազդելու, մշակույթը քարոզելու առումով, ինչը խթանում է նաև զբոսաշրջային հոսքերը»,- նշեց մեր զրուցակիցը։

Օրբելյանի խոսքով՝ երբ Երևան քաղաքի մշակութային ժառանգությունը ներկայացվում է արտասահմանում, դա ՀՀ-ի մշակութային քաղաքականության ամենակարևոր առաջնահերթություններից է։ Ըստ նրա՝ Մետաքսի ճանապարհի և «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնությունների համատեքստում նման ցուցադրությունները խթանում են երկու մշակույթների երկխոսությունը։

«Երևանի պատմության թանգարանում բացված ցուցահանդեսն, անշուշտ, կունենա բազմաթիվ այցելուներ նաև արտասահմանից։ Հատկապես չինացի զբոսաշրջիկների համար հաճելի է արտասահմանում գտնվելու օրերին այցելել մշակութային օջախներ, որտեղ ներկայացված է իրենց մշակույթը»,- նշեց Օրբելյանը։ 

Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա այցելուներին տեսաուղերձով ողջունեց Նինբո քաղաքի թանգարանի տնօրեն Ճան Լիանը՝ նշելով, որ ցուցահանդեսը ոչ միայն  կարևոր քայլ է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը կյանքի կոչելու առումով, այլև մշակութային հաջողված փոխգործակցության արդյունք է։

«Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամությունն ունի երկար պատմություն։ Հարաբերություններն առավել չափով սերտացել են 13-րդ դարից, Յան դինաստիայի կառավարման ժամանակաշրջանից։ Հայ վաճառականները պարբերաբար այցելել են Չինաստան՝ օգտագործելով Մետաքսի ճանապարհը։ 1992 թվականից ի վեր, երբ երկու երկրների միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ, երկկողմ փոխգործակցությունը գրանցեց կայուն առաջընթաց և զարգացում»,- նշեց Ճան Լիանը։

Նա հավելեց, որ Նինբոյում նախորդ տարի կազմակերպված «Հայաստան՝ Նոյի երկիր» ցուցահանդեսը կարևոր իրադարձություն էր մշակութային երկխոսության համատեքստում, և այժմ Երևանի պատմության թանգարանում ներկայացված են Նինբոյի թանգարանի ցուցանմուշները, որոնցում արտացոլված է չինական ոգին։ Ցուցահանդեսը հայ և արտասահմանցի այցելուներին բացառիկ հնարավորություն կընձեռի՝ ավելի խորությամբ ընկալելու չինական մշակույթը, և կնախանշի փոխշահավետ համագործակցության նոր շրջան։      

Ցուցահանդեսի բացմանը ներկա Հայ-Չինական գործընկերության կենտրոնի գլխավոր քարտուղար Սուն Նին ընդգծեց, որ Շաո Կեպինն ազգային մեծանուն նկարիչ է, որի ստեղծագործություններում ներկայացված է Չինաստանի պատմությունը 20-րդ դարի երկրորդ կեսում։

«Հայաստանն ու Չինաստանն ունեն հին պատմություն և հազարամյա քաղաքակրթություն, հետևաբար հույս ունենք, որ մշակութային կապերի միջոցով երկու երկրների քաղաքացիներն ավելի սերտորեն կշփվեն ու ավելի լավ կճանաչեն միմյանց։ Հայաստանի աշխարհագրական դիրքը չափազանց կարևոր է մեզ համար, ուստի չինացիները բավականին հետաքրքրված են Հայաստանով։ Վերջին տարիներին բազմաթիվ չինացիներ ուսումնասիրում են հայկական մշակույթը։ Նրանք ցանկանում են, որպեսզի չինական մշակույթը նույնպես ներկայացվի Հայաստանում, որպեսզի հայերը իմանան, թե ինչպիսին է իրական Չինաստանը։ Այդ նպատակով էլ ստեղծվել է մեր կենտրոնը, որը ձգտում է խթանել փոխադարձ կապերը մշակութային բնագավառում»,- ասաց Սուն Նին։

Հայերեն Русский