Դատարանը վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի գործով մեղավոր ճանաչեց Արամ Նավասարդյանին
3 րոպեի ընթերցում

Դատարանը մեղավոր ճանաչեց վարչապետին ուղեկցող ճանապարհային ոստիկանության ավտոմեքենայի վարորդին՝ Արամ Նավասարդյանին՝ 2022 թվականին Սոնա Մնացականյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու համար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դատարանը վերդիկտը (մինչև դատավճիռ կայացնելը մեղադրյալի անմեղության կամ մեղավորության վերաբերյալ դատարանի որոշումը) հրապարակեց հուլիսի 30-ին:
Դատարանը որոշեց Արամ Նավասարդյանին մեղավոր ճանաչել 2003թ. ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով
(Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի 1-ին մասով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) նախատեսված արարքներով:
Արամ Նավասարդյանի նկատմամբ խափանման միջոցը՝ երկրից բացակայելու արգելքը, դատարանը որոշեց թողնել անփոփոխ:
Տուժողի իրավահաջորդի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս պահին դատարանը լուծել է միայն մեղավորության հարցը, լրացուցիչ դատալսումների փուլում դատարանն անդրադառնալու է պատժի հարցին: Նա նշեց, որ Քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով պատիժ չի նշանակվելու, որովհետև 2022թ հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելը հանցագործություն չէ, ապաքրեականացված է:
«Հետևաբար այդ հիմքով դատարանը այլևս պատիժ չի նշանակի: Իսկ 242-րդ հոդվածի 2-րդ մասով, բնականաբար, նշանակելու է պատիժ: Ըստ տվյալ պահին գործող Քրեական օրենսգրքի՝ նշված արարքի համար նախատեսված էր մինչև 5 տարի ժամկետով ազատազրկում: Նոր Քրեական օրենսգրքով ազատազրկումը 2-5 տարի ժամկետով է»,-ասաց Ասլանյանը՝ հավելելով, որ տվյալ դեպքում կիրառելի է նախկին Քրեական օրենսգիրքը:
Այս վարույթով լրացուցիչ դատալսումները տեղի կունենան 2025թ օգոստոսի 13-ին:
Ողբերգական դեպքը տեղի էր ունեցել 2022 թվականին ապրիլի 26-ին Լեո-Պարոնյան խաչմերուկում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն էր հայտնել վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի ընտանիքի անդամներին: