Մարզեր

Շուրջօրյա խնամք և արժանապատիվ պայմաններ՝ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում

4 րոպեի ընթերցում

Շուրջօրյա խնամք և արժանապատիվ պայմաններ՝ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում

Հայկական Կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնն ունի 160 շահառու, որոնցից 16-ը ստանում է անկողնային խնամք։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, շուրջօրյա խնամք ստացող շահառուների ընտրությունն իրականացվում է պետության անմիջական ուղղորդմամբ և օժանդակությամբ՝ Միասնական սոցիալական ծառայությունների միջոցով։

Կենտրոնի աշխատանքներին ու պայմաններին, ինչպես նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացված փոփոխություններին ծանոթանալու նպատակով հուլիսի 29-ին Գյումրիում էին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեն, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Ազամատ Բայալինեովը։ Նրանց ուղեկցում էին ՀԿԽԸ նախագահ Դավիթ Ներսիսյանը և Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։

Հյուրերը շրջեցին սենյակներով, ծանոթացան աշխատակիցների և շահառուների հետ, հետաքրքրվեցին նրանց առօրյայով։

2020 թվականի մայիսի 1-ից ՀՀ կառավարության որոշմամբ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ստանձնեց Գյումրու տուն-ինտերնատի կառավարումը՝ այն վերանվանելով Հայկական Կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի։ Համաձայն այդ հուշագրի՝ ընկերությունը կենտրոնում տարածքի վերականգնման և կահավորման ներդրումներ է իրականացրել՝ վերանորոգվել է ճաշարանը, բակային հատվածը, իսկ բարելավման աշխատանքները պարբերական բնույթ են կրում։

«Փորձում ենք պարբերաբար բարելավման աշխատանքներ իրականացնել և մեր շահառուներին պահել մեր ուշադրության կենտրոնում։ Այս ընթացքում Հայկական Կարմիր խաչի ընկերությունը  գործընկերների հետ միասին բավական մեծ աշխատանք է տարել խնամքի կենտրոնում։ Այս տարի լրանում է ՀՀ կառավարության հետ հուշագրի ժամկետը՝ խնամքի կենտրոնի կառավարման մասով, սակայն կարծում ենք և պատրաստ ենք, որ այն կշարունակվի՝ հաշվի առնելով մեր մատուցած որակն ու ծառայությունները։ Կան բազմաթիվ ծրագրեր, որոնք կշարունակենք»,-շրջայցի ավարտին նշեց ՀԿԽԸ նախագահ Դավիթ Ներսիսյանը։

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքի և տարեցների հանդեպ կենտրոնում ցուցաբերված ուշադրության համար։

«Սա իմ առաջին այցն է Գյումրի: ՄԱԿ-ի համար գործում է «ոչ ոքի հետևում չթողնելու» սկզբունքը, ինչը նշանակում է աջակցել և աշխատել հասարակության ամենախոցելի խմբերի հետ, ինչը և անում է Հայկական Կարմիր խաչի այս խնամքի կենտրոնը։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը շատ հիմնային, համայնքահեն և մարդկանց մոտ կազմակերպություն է։ Այն շատ լավ պատկերացում ունի տեղական կարիքների մասին և անմիջական կապի մեջ է մարդկանց հետ։ Այդ պատճառով էլ նրանք շատ լավ հասկանում են, թե ինչ է պետք անել։ Այս հաստատությունում ես տեսնում եմ շատ լավ կազմակերպված աշխատանք և լավ պայմաններ շահառուների համար, բայց ամենակարևորը՝ տեսնում եմ ուշադիր և հոգատար անձնակազմ։ Մենք զրուցեցինք բնակիչների հետ, և նրանք փոխանցեցին, որ իրենց ամեն բան հարմար է և լավ են զգում այստեղ»,- նշեց Ֆրանսուազ Ժակոբը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում