Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում Սերբիայի աջակցությամբ արևային համակարգեր են տեղադրվում՝ խթանելով համայնքների զարգացումը
7 րոպեի ընթերցում

Սերբիայի կառավարության ֆինանսավորմամբ Տավուշի մարզի Իջևան խոշորացված համայնքում տեղադրվում են արևային համակարգեր և նախատեսվում է կառուցել օրվա կարգավորվող ջրամբար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում Սերբիայի դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին Իջևան խոշորացված համայնքում այցելեցին Սարիգյուղ բնակավայրում ապրող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքի տուն և Այգեհովիտի մանկապարտեզ, որտեղ տեղադրվել են արևային համակարգեր, ծանոթացան իրականացվող աշխատանքներին և արդյունքներին:

Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ Սերբիայի կառավարության ֆինանսավորմամբ և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։
Այս նախաձեռնությունը մաս է կազմում ավելի մեծ ծրագրի, որի նպատակն է աջակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների և իրենց ընդունող համայնքների կարիքներին՝ առաջարկելով կայուն և երկարաժամկետ լուծումներ:
Ծրագրի առաջին շահառուներից է Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանից բռնի տեղահանված Արմենուհի Բադալյանի բազմազավակ ընտանիքը, որի տանը վերջերս տեղադրվել են արևային համակարգեր։ Ընտանիքի մայրը շատ կարճ ժամանակում արդեն իսկ զգացել է համակարգերի դրական ազդեցությունը:
«Տունը ձեռք ենք բերել պետության տրամադրած սերտիֆիկատի միջոցով։ Շատ սիրեցի Տավուշի բնությունը, և հենց դա էլ դարձավ մեր ընտրության հիմնական պատճառը՝ տուն գնել Սարիգյուղում։ Արևային համակարգերը նոր են տեղադրվել, դեռ մեկ ամիս էլ չկա, որ դրանք օգտագործում ենք, բայց արդեն մոտ 30 հազար դրամի խնայողություն ունենք։ Քանի որ ես ունեմ վեց երեխա և տանը զբաղվում եմ հացաբուլկեղենի արտադրությամբ, իսկ ամուսինս զբաղվում է եվրոպական դռների և պատուհանների արտադրությամբ, մեր էլեկտրաէներգիայի ծախսերը շատ էին։ Այս խնայողությունը մեզ հնարավորություն է տալիս այդ գումարն ուղղել այլ նպատակների և նոր գործունեության զարգացմանը»,-ասաց Արմենուհի Բադալյանը:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է տեղադրել 213 կՎտ ընդհանուր հզորությամբ արևային համակարգեր (ֆոտովոլտային և ջրատաքացուցիչներ) Տավուշի մարզում և կառուցել 2 փոքր ջրամբար Լոռու և Տավուշի մարզերում:
Հայաստանում Սերբիայի դեսպան Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչը նշեց՝ Հայաստանն ու Սերբիան սերտ կապեր ու համագործակցություն ունեն, և այս ծրագիրը ևս ուղղված է այդ նպատակին՝ ամրապնդել երկու երկրների հարաբերությունները:
«Բռնի տեղահանված ընտանիքներին աջակցելը մեզ համար շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ ուղիղ 30 տարի առաջ Հարավսլավիայի տրոհման ժամանակ իրականացված ռազմական օպերացիայի հետևանքով 250 հազար սերբեր ստիպված եղան թողել իրենց բնօրրանները Խորվաթիայում և այլևս հնարավորություն չունեցան վերադառնալու իրենց տները՝ իրենց բոլոր կարիքներով և խնդիրներով հանդերձ, այնպես որ մենք շատ լավ հասկանում ենք այս ընտանիքների ունեցած խնդիրները: Նշեմ, որ ես շատ կարևոր եմ համարում նաև անձնական հանդիպումները մարդկանց հետ, որովհետև միայն այդ ձևով կկարողանանք փաստացի գնահատել, թե ինչքանո՞վ է գործում այս կամ այն նախագիծը, ինչքանո՞վ են լավ արդյունքները»,-ասաց դեսպանը:

Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչը նշեց՝ բացի այդ, Իջևան խոշորացված համայնքի Աչաջուր բնակավայրում նախատեսվում է նաև կառուցել 5,600 մ³ օգտակար ծավալով օրվա կարգավորվող ջրամբար և շուրջ 1,100 մ երկարությամբ ջրագիծ: Արդյունքում ոռոգվող հողատարածքները կավելանան 120 հեկտարով՝ նպաստելով գյուղատնտեսության զարգացմանը:
Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին հավելեց, որ այս կարևոր նախաձեռնության հիմնական նպատակն է բազմաֆունկցիոնալ ծրագրի միջոցով հնարավորություն տալ համայնքներին զարգանալ:
«Ծրագիրը հիմնականում ուղղված է առավել կարիքավոր համայնքներին ու ընտանիքներին, այդ թվում՝ փախստականներին։ Ընտրությունը կատարվում է տեղական ինքնակառավարման մարմինների և բնակիչների հետ համագործակցությամբ՝ հաշվի առնելով համայնքների մասնակցության պատրաստակամությունը։ Օրինակ՝ արդեն իրականացվում են արևային պանելների տեղադրման ծրագրեր, որոնք խնայում են էներգիան և ապահովում էկոլոգիապես մաքուր աղբյուրներ։ Աչաջուր գյուղում նախատեսվում է կառուցել օրվա կարգավորվող ջրամբար, իսկ Իջևանում՝ հանրային տարածքի վերափոխում նորարարական ամֆիթատրոնով։ Այս բոլոր նախաձեռնությունները միտված են համայնքների կայուն զարգացմանը և բնակիչների կյանքի որակի բարձրացմանը»,-ասաց Նացվլիշվիլին:

Տավուշի մարզի երեք խոշորացված համայնքներում իրականացվում են արևային համակարգերի տեղադրման աշխատանքներ։ Իջևանում տեղադրվում են 103 կՎտ հզորությամբ համակարգեր՝ 61 կՎտ ֆոտովոլտային կայան և 42 կՎտ ջրատաքացուցիչ։ Բերդում իրականացվում է 93 կՎտ հզորությամբ համակարգերի տեղադրում, Նոյեմբերյանում՝ 17 կՎտ հզորությամբ ֆոտովոլտային կայաններ։
Ծրագիրը ներառում է նաև նորարարական «կանաչ» լուծումներ՝ շարժական հիբրիդային ֆոտովոլտային կայաններ և արևային ջրատաքացուցիչներ, որոնք էլեկտրացանցի անջատման դեպքում ապահովում են անխափան էներգամատակարարում։ Շարժական կայանները տրամադրվելու են փրկարար ծառայություններին՝ դաշտային պայմաններում գործելու համար։
Համակարգերը տեղադրվում են մանկապարտեզներում, դպրոցներում, ջրի պոմպակայաններում, փրկարար ծառայություններում և Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների տներում։ Միաժամանակ Իջևանում կմեկնարկի բազմաֆունկցիոնալ հանրային տարածքի կառուցումը Քանդակների պուրակում, որը կծառայի մշակութային, կրթական ու ժամանցային միջոցառումների համար։
