Թուրքիայում մոլեգնող հրդեհների հետևանքով 14 մարդ է զոհվել, ավելի քան 177 մարդ տարհանվել է
2 րոպեի ընթերցում

Թուրքիայում շաբաթներ շարունակ մոլեգնող անտառային հրդեհները հուլիսի 27-ին հասել են Բուրսա քաղաքի հյուսիսարևմտյան ծայրամաս, ինչը հանգեցրել է հարյուրավոր բնակիչների տարհանման:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» լրատվամիջոցը՝ հավելելով, որ հրդեհները շարունակում էին տարածվել երկրի մի քանի նահանգներում։
Գիշերը կրակը տարածվել է Թուրքիայի չորրորդ ամենամեծ քաղաքի շուրջը գտնվող անտառապատ լեռներում։
Նշվում է, որ հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել 14-ի։
Իշխանությունները հայտնել են, որ հրդեհները սաստկացել են հուլիսի 26-ի երեկոյան Գյուրսու և Քեսթել շրջաններում, որտեղ ուժեղ քամիները ուժգնացրել են կրակը։
Բուրսայի նահանգապետարանի տվյալներով՝ նախազգուշական միջոցառումների շրջանակներում երեք գյուղական թաղամասերի 480 տնային տնտեսություններից տարհանվել է 1765 մարդ։
Տուժել են մի շարք տներ և գյուղատնտեսական կենդանիներ, իսկ մոտակա ճանապարհներ մուտքը ժամանակավորապես սահմանափակվել է։
Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հուլիսի 27-ին հայտարարել է, որ հրդեհի ինտենսիվությունը նվազել է, բայց նշել է, որ դեռ վաղ է լիակատար վերահսկողության մասին հայտարարելու համար։
Քարաբյուք նահանգում հուլիսի 23-ին բռնկված անտառային հրդեհը շարունակվել է չորրորդ օրն անընդմեջ՝ հուլիսի 27-ին։ Հրդեհն այրել է անտառապատ հսկայական տարածքներ, ստիպելով տարհանվել 18 գյուղերից և 50 թաղամասերից։ Ավելի քան 1000 բնակիչ լքել էր իրենց տները, մինչ այժմ վնասվել է առնվազն 40 տուն։
Ըստ աղբյուրի՝ հունիսի վերջից ի վեր Թուրքիայում ամեն օր տասնյակ անտառային հրդեհներ են բռնկվում, որոնք պայմանավորված են բարձր ջերմաստիճանով, չորային պայմաններով և ուժեղ քամիներով։
Երկրի Արդարադատության նախարարը հուլիսի 26-ի ուշ երեկոյան հայտարարել է, որ դատախազները հունիսի 26-ից ի վեր 33 նահանգներում հրդեհների հետաքննություն են անցկացրել՝ հավելելով, որ 97 կասկածյալի նկատմամբ իրավական գործողություններ են ձեռնարկվել։