1 րոպեի ընթերցում
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված hրդեհը մեկուսացվել է ժամը 19։04-ին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից՝ մանրամասնելով, որ հրշեջ-փրկարարները շարունակում են հրդեհաշիջման աշխատանքները 3 հա խոտածածկ տարածքում։ Դժվարամատչելի հատվածում փրկարարները կանխել են հրդեհի տարածումը:
Հրդեհաշիջման աշխատանքները տեղում ղեկավարում է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:
Դեպքի վայրում աշխատում է ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներից 4 մարտական հաշվարկ և 12 օպերատիվ խումբ։ Ընդհանուր առմամբ ներգրավված է 68 փրկարարական ծառայող։
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված են նաև Ոստիկանության ուժեր, «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի, Էկոպարեկային ծառայության, գործընկեր կառույցների աշխատակիցներ և բնակիչներ: Հրդեհաշիջմանը ներգրավվել է նաև ՊՆ ուղղաթիռ:
Սահմանվելու է նաև հերթապահություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 26-ին, ժամը 14։20-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հերթապահություն իրականացնող օպերատիվ խումբը թիվ 1 պահաբաժնում նկատել է խոտածածկույթի հրդեհ։