ՏՏ ոլորտում լավ նախագծերի իրականացումը դրականորեն կազդի մեր երկրի ազգային մրցունակության վրա․ Գևորգ Մանթաշյան
5 րոպեի ընթերցում

ՏՏ ոլորտում լավ նախագծերի իրականացումը դրականորեն կազդի մեր երկրի ազգային մրցունակության վրա և կբարձրացնի մեր տնտեսության արտադրողականությունը՝ ստեղծելով մեծ ներուժ աճի և զարգացման համար։ ՀՀ ԲՏԱ նախարարությունն իր գործունեությունը կենտրոնացնում է այդ ուղղությունների վրա։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գևորգ Մանթաշյանը, ով մասնակցում էր Սևան ստարտափ համաժողովի պանելային քննարկումներից մեկին։
Գևորգ Մանթաշյանի մասնակցությամբ պանելային քննարկման հիմնական հարցն այն էր, թե ինչպես է կառավարությունը տեսնում ՏՏ ոլորտում պետություն-մասնավոր հատված գործակցությունը (ՊՄԳ)։ Ներկայացվեց, թե ինչպես են գերատեսչությունները պատկերացնում գործակցության հետ կապված ձևաչափերը, և այդ առումով՝ որոնք են համարվում լավագույն ձևակերպումները։
«Քննարկման ժամանակ նշեցի, որ տվյալ համաժողովի կազմակերպումն ինքնին ՊՄԳ ձևաչափերից մեկն է։ ԲՏԱ նախարարությունը որոշել է ֆինանսական միջոցներով և այլ ձևերով աջակցել միջոցառման կազմակերպիչներին, որպեսզի հավաքը կայանա, ինչը, բնականաբար, լավ օրինակ է։ Առհասարակ լավագույն ձևակերպումն, ըստ իս, դեռ պետք է գա։ Դրա նախադրյալներն են կառավարության ցանկությունն ու հասարակության պատրաստակամությունը։ Առանց այդ երկու գործոնների ոչինչ չի ստացվի։ Պետության աջակցությունն արդեն իսկ դիտարկվում է որպես կարևոր նախադրյալ »,- ասաց ԲՏԱ փոխնախարարը։
Մանթաշյանի կարծիքով՝ համագործակցության ձևաչափերից մեկն էլ կենսաչափական անձնագրերի մրցույթի հաղթողին ներկայացնելն էր, ինչը նույնպես կարևոր ձեռքբերում է մեր հասարակության համար։
«Լավագույն ձևաչափը կլինի այն, որ մենք ոչ թե ՊՄԳ անհատական նախագծերի վերաբերյալ ունենանք քննարկումներ, այլ ավելի ընդհանրական մոտեցումներ ցուցաբերենք։ Կա իրավական կարգավորումների հիման վրա իրականացվող համագործակցություն, թե ինչպես է իրականացվում ՊՄԳ-ն, և կան ձևաչափեր, որոնք պարտադիր չեն, որ իրականացվեն նշված կարգավորումներով, այլ կարող են աշխատել ավելի ճկուն ձևակերպումներով։ Գործընկերներս կարևորեցին նաև մասնագիտական միությունների կողմից ներկայացվող նախաձեռնությունները, որոնց ԲՏԱ նախարարությունը նույնպես աջակցում է տարբեր ձևաչափերով։ Դրանցից են, օրինակ, Արմաթ լաբորատորիաները, Ինժեներական քաղաքը։ Կարծում եմ, որ մենք պետք է ստեղծենք այնպիսի միջավայր, որն ինքնանպատակ չէ»,- ասաց ԲՏԱ փոխնախարարը։
Մանթաշյանի դիտարկմամբ՝ կա կարողությունների որոշակի պակաս, և դրանք լրացնելու համար անհրաժեշտ է կամ շարունակաբար պետական ապարատում ներդրումներ անել, կամ ավելի քիչ ներդրումներով հանձնառություն ստանձնած խմբերն աշխատեն ավելի լայն շրջանակների հետ ու կարողանան մասնավոր հատվածի հետ կոնկրետ լուծումներ գտնել։
«Մեր ամենօրյա աշխատանքը միտված է նրան, որպեսզի ստեղծենք այնպիսի միջավայր, որտեղ բոլորը կբացահայտեն իրենց տաղանդը, կկարողանան համապատասխան լուծումների շնորհիվ զարգանալ։ Այդ առումով նմանօրինակ հարթակներում հանդիպելն անչափ կարևոր է։ Մենք ճշգրտում ենք իրողությունները, ուշադիր լսում և մեզ համար անում բացահայտումներ։ Համաժողովի պանելային քննարկումները ցույց տվեցին, որ մեր պատկերացումներն իրականությունից հեռու չեն»,- նշեց Մանթաշյանը։
Փոխնախարարի բնորոշմամբ՝ 2025 թվականի ստարտափ համաժողովը նախորդից տարբերվում է պետության աննախադեպ մասնակցությամբ, բացահայտ և ուղիղ ներգրավվածությամբ։ Պետությունը մինչ օրս ինչ-որ կերպ համագործակցել է կազմակերպությունների հետ, բայց այս տարի աջակցել է ֆինանսական կապիտալի տեսքով՝ միջոցառման կազմակերպիչներին հատկացնելով 200 միլիոն դրամ։
«Նկատել ենք, որ ոլորտն ունի աճի միտում, հետևաբար որոշեցինք աջակցել , որպեսզի ավելի որակյալ պրոդուկտներ լինեն։ Այս ձևաչափի բացառիկությունը երևաց նաև դիվանագիտական հաստատությունների ներկայացուցիչների վերաբերմունքից։ Նրանք կարծում էին, թե ներկա են լինելու հերթական հյուրանոցային, ձանձրալի միջոցառմանը, որին մասնակցելու են ի պաշտոնե՝ ելնելով արարողակարգային անհրաժեշտությունից, բայց երբ տեղում տեսան հետաքրքիր ու անկաշկանդ միջավայրը, հաճելիորեն զարմացան։ Նրանք համոզվեցին, որ այսպիսի միջավայրում են բացահայտվում ստեղծագործական միտումները։ Այդ ամենը բնականաբար գնահատվում է, և մենք էլ հանձնառու ենք աջակցել ոլորտի հետագա զարգացմանը»,- եզրափակեց ԲՏԱ փոխնախարարը։
