Վարդավառի օրը ՆԳՆ ծառայությունները կիրականացնեն ուժեղացված հսկողություն հանրապետության ողջ տարածքում
1 րոպեի ընթերցում
Վարդավառի օրը՝ հուլիսի 27-ին, Հայաստանի ողջ տարածքում, և հատկապես Սևանի ավազանում ՆԳ նախարարության ծառայությունները վաղ առավոտից անցնելու են ուժեղացված հսկողության՝ դեպքերի և պատահարների բացառման նպատակով։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ոստիկանության զորքերի, քրեական ոստիկանության, պարեկային ծառայության, համայնքային ոստիկանության ծառայողները ավտոճանապարհներին ու հանգստյան վայրերում իրականացնելու են ուժեղացված ծառայություն։
Փրկարար ծառայության ու Ջրային պարեկային ծառայության ուժերը Սևանա լճում ևս իրականացնելու են ուժեղացված ծառայություն՝ հետևելով անվտանգության կանոնների պահպանմանը։
«Թեև նպատակը դեպքերի և պատահարների կանխումն է, այսուհանդերձ ցանկացած օրինազանցում արժանանալու է համարժեք հակազդման և իրավական գնահատականի։
Հորդորում ենք՝ խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության և համակեցության բոլոր կանոնները»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: