Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի
3 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի անձնակազմին է ներկայացրել թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Պետրոսյանին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թատրոնի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նշանակումն արվել է վեց ամսով, որից հետո, ըստ օրենքի, կհայտարարվի մրցույթ՝ տնօրենի թափուր պաշտոնի համար։
2002 թվականից Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր Կարո Շահբազյանը։ Օրերս նա հրաժարականի դիմում է ներկայացրել։
Լիլիթ Պետրոսյանը 1993-1998թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի «Ռոմանագերմանական լեզուներ և գրականություն» անգլիական բանասիրության բաժնում՝ ստանալով «բանասեր, ուսուցիչ» որակավորում: 2002-2005 թթ. սովորել է ԵՊՀ-ի «Տնտեսագիտություն» ֆակուլտետի կառավարմանբաժնում՝ ստանավով «Տնտեսագետ»-ի որակավորում: 2018-2019 թթ. մասնակցել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի «Ոչ-առևտրային կազմակերպությունների կառավարում» սերտիֆիկացված դասընթացի:
1998թ. սեպտեմբերից մինչ 2016թ. աշխատել է Երևանի պետական համալսարանի անգլիական բանասիրության ամբիոնում՝ որպես անգլերենի դասախոս:
Արվեստի ոլորտում մասնագիտական գործունեությունը սկսել է 1998 թ.-ին՝ միանալով Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբին որպես հասարակայնության հետ կապերի պատասխանատու: 2001-2003 աշխատել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես տնօրենի օգնական և արտաքին կապերի պատասխանատու:
2002-ին նշանակվել է «ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության», մշակութային քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ: 2004-ից մինչ 2006 թթ. աշխատել է «Գրքի և մեդիայի միջազգային գործակալությունում», Բեռլին (IBM Agency, Berlin), որպես կրթական և մշակութային նախագծերի մշակող և համակարգող:
2006-2010 թթ. ընթացքում աշխատել է «ՀՀ պետական կառավարման ակադեմիա»-ում որպես անգլերենի դասախոս և «ՀՀ Ազգային Ժողովի վերահսկիչ պալատ»-ում որպես ավագ մասնագետ: 2010-2014 թթ. աշխատել է օպերային թատրոնում՝ որպես մենեջմենթի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու: 2011-2023 հանդիսացել է «Բալետ 2021»զարգացման հիմնադրամի տնօրեն:
2024 թվականի մարտ ամսից մինչ այժմ աշխատել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամում՝ որպես Արվեստների կլաստերի համակարգող։