Իրավունք

Բնակարանային գողերը ձերբակալվել են իրեղեն ապացույցները ձեռքերին. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

4 րոպեի ընթերցում

Բնակարանային գողերը ձերբակալվել են իրեղեն ապացույցները ձեռքերին. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում hուլիսի 22-ի ժամը 13.25-ին բնակարանային գողության ապացույցներով ձերբակալվել և իրենց պատվիրած ավտոմեքենայով հանդերձ ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխվել ՀՀ մայրաքաղաքի Ֆուչիկի, Մայիսի 9-ի և Նիզամու փողոցների բնակիչ երեք տղամարդիկ՝ երկուսը 49, մեկը` 45 տարեկան: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից: «Բնակարանային գողությունների բացահայտումը բարդ գործ է: 

Այս հանցագործությունները սովորաբար նախօրոք մանրակրկիտ նախապատրաստվում են, մշակվում են բնակարան մուտք գործելու և աննկատ, առանց հետքերի հեռանալու եղանակները, ձեռք են բերվում ալիբիներ և այլն: Հետևաբար, իրավապահներն էլ, նման հանցագործությունները բացահայտելիս, աշխատում են կատարողներին ձերբակալել ապացույցներով հանդերձ:

Հերթական բացահայտման ընթացքում այդպես վարվեցին նաև Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները: Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի բնակիչ երեք տղամարդ, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում կատարում են բնակարանային գողություններ հանրապետության տարբեր բնակավայրերում:

Ավելի քան երկու ամիս տևած օպերատիվ-հետախուզական միջոցառումներից հետո ստացան հավաստի տեղեկություն, որ խմբի անդամները պատրաստվում են գողություն անել Երևանի Շինարարների փողոցի մի բնակարանից: Խմբի երեք անդամն էլ նախկինում արդեն պատիժ կրել էին նույնատիպ հանցագործությունների մեղադրանքով, և կուտակել էին բավարար փորձ` զգույշ գործելու և հետքեր չթողնելու համար: Գործողությունների ծավալն ու բարդությունը հաշվի առնելով` քրեական ոստիկանները միջոցառումները շարունակեցին Ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ ակտիվ համագործակցությամբ:

Նաև համագործակցված աշխատանքի արդյունքում հնարավոր կլիներ կատարողներին ձերբակալել իրեղեն ապացույցները ձեռքերին: Հուլիսի 22-ի առավոտից խմբի անդամները քրեական ոստիկանների տեսադաշտում էին: Վերջիններս տեսան, թե նրանք ինչպես են ոտքով մոտենում Երևանի Շինարարների փողոցի շենքերից մեկին ու մտնում շքամուտք:

Բայց դեռ պետք էր համոզվել, որ գողությունը կատարված է: Քիչ անց երեքն էլ դուրս են եկել և նստել պատվիրած տաքսին ու հեռացել: Իրավապահների մի խումբը օպերատիվ հսկողության տակ պահեց տաքսին, իսկ մյուս խումբը մտավ շքամուտք` հաստատելու գողության փաստը: Եվ երբ յոթերորդ հարկում քրեական ոստիկանները բաց դռնից տեսան, որ ներսում ամեն ինչ խառնած է իրար` «Նիսան» մակնիշի տաքսուն հետևող խումբն անցավ գործի:

Հուլիսի 22-ին` ժամը 13.25-ին, Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում ձերբակալվեցին և իրենց պատվիրած «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ վարչություն տեղափոխվեցին մայրաքաղաքի Ֆուչիկի, Մայիսի 9-ի և Նիզամու փողոցների բնակիչ երեք տղամարդիկ, երկուսը 49, մեկը` 45 տարեկան»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ խուզարկությամբ հայտնաբերվել են իրեղեն ապացույցները․ 45-ամյա տղամարդու մոտ եղել է դուր, ձեռնոց և դրամապանակ, որի մեջ՝ հայկական դրամներ, հարյուրդոլարանոց 25 թղթադրամ, կախազարդերով ոսկյա և արծաթե երկու շղթա:

49-ամյա տղամարդկանցից մեկի մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ, ոսկե 3 մատանի, օղեր, թևնոց, կաշվե և արծաթագույն երեք վզնոց ու մեկ մատանի, իսկ մյուսի մոտ` դանակ, արցունքաբեր գազաբալոն, բջջային հեռախոս, արծաթագույն վզնոց ու մատանի: Տուժած տանտիրոջից ընդունվել է հաղորդում: Ըստ նրա` պատճառվել էր երեք միլիոն դրամի վնաս: Նշվում է, որ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում