«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շնորհիվ Չինաստանը խորացրել է համագործակցությունը տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ. Հե Չունփին
4 րոպեի ընթերցում
Չինաստանի Հունան նահանգը մեծ կարևորություն է տալիս միջազգային համագործակցությանը, ուստի 2013 թվականից «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մեկնարկից ի վեր չինական կողմը խորացրել է մշակութային համագործակցությունը տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ ցուցահանդեսների կազմակերպման, մասնագետների փոխանակման և գիտական փոխգործակցության միջոցով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ տեսակետը ԳԱԱ-ում կայացած «Լուծումներ համագործակցության միջոցով» խորագրով «Գոտի և ճանապարհ» թանգարանային միջազգային կոնֆերանսում հայտնեց Չինանստանի Հունան նահանգի Մշակութային ժառանգության վարչության հնագիտության բաժնի վարիչի տեղակալ, ավագ գիտաշխատող Հե Չունփինը։
Նրա տեղեկացմամբ՝ Հունան նահանգում են գտնվում ինչպես աշխարհին հայտնի բնական հուշարձանները՝ գեղատեսիլ լանդշաֆտն ու լեռնաշղթաները, այնպես էլ համաշխարհաին մշակութային ժառանգության մաս կազմող Լաո Սինչեն քաղաքի հնավայրերը։
«Մեր նահանգը նաև Չինաստանի առաջնորդ Մաո Ցզեդունի ծննդավայրն է, որն ունի հազարամյակների պատմություն և հարուստ մշակույթ։ Այստեղ ձևավորված Լյու Սիանի մշակույթը համարվում է չինական ավանդական մշակույթի կարևոր կրողներից մեկը, որն առանձնանում է իր եզակիությամբ։ 2024 թվականի տվյալներով՝ Հունանում գրանցված են 229 համազգային մշակութային և 1228 նահանգային հուշարձաններ։ Այստեղ տարբեր թեմաներով գործում են 200 թանգարաններ, որոնցից տասն ունեն համազգային նշանակություն»,-հայտնեց բանախոսը։
Հնագիտության ոլորտում Հունան նահանգը նույնպես հասել է նշանակալից արդյունքների՝ լինելով բրնձի մշակման ամենահին վայրն աշխարհում։ Առանձնահատուկ է նաև Մավանդուի Հան դինաստիայի դամբարանը, Նոր Շանի ձեռագրերը, ինչպես նաև Չան Շայի դարաշրջանի կերամիկայի հայտնագործությունները։ Այստեղ արտադրված բազմերանգ ու տարբեր պարագաները լայն տարածում են գտել՝ հասնելով հարավարևելյան Ասիա, հարավային Ասիա, Մերձավոր Արևելք և նույնիսկ հյուսիսային Աֆրիկա։
«Այս ամենը վկայում է ոչ միայն Չինաստանի հին մշակութային վարպետության բարձր մակարդակի, այլև վաղ շրջանում երկրի գլոբալացման մասին։ Հենվելով պատմական ու մշակութային հարստությունների վրա՝ Հունանի թանգարանները մշտապես ձգտում են զարգացնել մշակութային ժառանգությունը պահպանության ու վերաիմաստավորման ուղղություններով։ 2024 թվականին կազմակերպվել է 931 ցուցահանդես, որոնցից 328-ն ամբողջությամբ պարունակել են օրիգինալ ցուցանմուշներ։ Տարվա կտրվածքով այցելուների թիվը գերազանցել է 77 միլիոնը, ինչը խոսում է մեր նահանգի թանգարանների գրավչության մասին»,-ասաց Հե Չունփինը։
Նա հավաստիացրեց, որ ապագայում չինական կողմը կշարունակի ուսունասիրել նաև արհեստական բանականության և թանգարանների համադրության հնարավորությունները։ Այդ կերպ հնարավոր կլինի բարձրացնել թանգարանների մշակութային ժառանգության պահպանման տեխնոլոգիական մակարդակը։
«Այդ կերպ կունենանք նաև նոր այցելուների հասանելիություն։ Մշակույթը տաբեր քաղաքակրթությունների միջև կապող կամուրջ է, փոխըմբռնման և բարեկամության հենասյուն։ Այս համաժողովը ևս մեկ վկայություն է, որ թանգարանները կարող են հանդես գալ որպես նմանօրինակ համաշխարհային երկխոսության հարթակ։ Մենք ողջունում ենք համագործակցությունը բոլոր գործընկերների հետ, ովքեր կիսում են մեր ընդհանուր նպատակները՝ միասնաբար պահպանելու և սերունդներին փոխանցելու մշակութային ժառանգությունը»,-եզրափակեց Հե Չունփինը։
