Փոքրիկ հայուհին Զալցբուրգում արժանացել է «Grand Prize Virtuoso» միջազգային երաժշտական մրցույթի առաջին կարգի մրցանակի
1 րոպեի ընթերցում

Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցի 2-րդ դասարանի սան Անի Մելիքյանը արժանացել է «Grand Prize Virtuoso» միջազգային երաժշտական մրցույթի առաջին կարգի մրցանակի։

Մրցույթը տեղի է ունեցել Մոցարտի ծննդավայրում՝ ավստրիական Զալցբուրգ քաղաքում։
Անի Մելիքյանը մրցույթին կատարել է հայ ժամանակակից կոմպոզիտոր Արամ Սաթյանի «Բարկարոլլա» ստեղծագործությունը։
«Որոշել էինք եվրոպացի հանդիսատեսին ներկայացնել հայ ժամանակակից կոմպոզիտորի ստեղծագործություն, որպեսզի ցույց տանք, որ հայկական դասական երաժշտությունը շարունակում է ծաղկել և զարգանալ», - «Արմենպրես»-ի հետ զրույցում նշում է Անիի ուսուցչուհին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Իրինա Գրիգորյանը։

Ութամյա հայ դաշնակահարուհին բազմաթիվ մրցանակներ է ստացել միջազգային մրցույթներում՝ Ֆրանսիայում, Իսպանիայում, Նիդերլանդներում, Իտալիայում, Սերբիայում, Լեհաստանում, Մեծ Բրիտանիայում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում։