Մշակույթ

Դաշնակահար Էդուարդ Գևորգյանը դարձել է Santa Cecilia միջազգային մրցույթի դափնեկիր

2 րոպեի ընթերցում

Դաշնակահար Էդուարդ Գևորգյանը դարձել է Santa Cecilia միջազգային մրցույթի դափնեկիր

Հայ պատանի դաշնակահար Էդուարդ Գևորգյանը մեծ հաջողությամբ է հանդես եկել Պորտուգալիայի Պորտո քաղաքում անցկացված Santa Cecilia International Junior Piano Competition մրցույթում՝ արժանանալով երրորդ մրցանակի։

Մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC)  անդամ է՝ ընդգծելով իր հեղինակությունն ու մասնագիտական բարձր մակարդակը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Էդուարդի այս նվաճումը ոչ միայն տարիների նվիրումի ու երաժշտության հանդեպ անմնացորդ սիրո արդյունք է, այլև ապացույց այն հարուստ ներուժի, որ նա տանում է իր հետ դեպի նոր բարձունքներ։ Նա ընդամենը վերջերս ընդունվել է Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում գործող աշխարհահռչակ Մոցարտեում համալսարանի դաշնամուրային բաժնի բակալավրիատ, ինչը նոր փուլի սկիզբ է նրա կրթության և ստեղծագործական ճանապարհին։

Էդուարդի մասնագիտական աճի և այս կարևոր հաղթանակի հիմքում կանգնած է նաև նրա ուսուցիչը՝ պրոֆեսոր Վաղարշակ Հարությունյանը, ում հետևողական և նվիրված աշխատանքը մեծ ազդեցություն ունի պատանի երաժշտի ձևավորման վրա։

Էդուարդի մասնակցությունն այս մրցույթին հնարավոր է դարձել «Երաժշտություն հանուն ապագայի» և «Հովնանյան» հիմնադրամների աջակցությամբ, որոնց շնորհիվ հայ տաղանդը ևս մեկ անգամ ներկայացել է միջազգային բեմում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում