1 / 1
Մշակույթ

Արևագույնի վարպետը. վերականգնվել է Մինաս Ավետիսյանի կոթողային որմնանկարներից մեկը

5 րոպեի ընթերցում

Հայտնի գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի ծննդյան հերթական տարեդարձը՝ հունիսի 20-ը, այս տարի նշանավորվեց նրա «Ցերեկ»-ը որմնանկարի վերականգնման ազդարարմամբ:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Սուքիասյան ընտանիքի մեկենասությամբ և իտալացի մասնագետների մասնակցությամբ վերականգնված որմնանկարը տեղադրվել է Երևանի «Տերմինալ 5» բիզնես կենտրոնի նախասրահում՝ հասանելի դառնալով արվեստասեր հանրությանը:

Անվանի  գեղանկարչի որդին, Ջաջուռի՝ Մինաս Ավետիսյանի թանգարանի տնօրեն Արման Ավետիսյանը հայտնեց, որ «Ցերեկ»-ը արվեստագետի «ամենաչարչարված» որմնանկարներից է. այն ստեղծվել է 1970-ականների սկզբին և տեղակայված է եղել Գյումրու գործարաններից մեկի նախասրահում: Մինաս Ավետիսյանի այս կոթողային ստեղծագործությունը մեծապես տուժել էր բացօթյա մնալու, ինչպես նաև երկրաշարժի հետևանքով: 

«Այժմ, կարելի է ասել, հրաշք է տեղի ունեցել: Որմնանկարը ռեկոնստրուկտիվ վերանորոգվել է: Արվել է շատ բարձր, պրոֆեսիոնալ որակով: Երբ նայում ենք որմնանկարին, ապա տեսնում ենք այն տեսքը, այն զգացողությունը, որն ունեցել է տարիներ առաջ: Աշխատանքը հեշտ չի արվել, քանի որ շատ քիչ լուսանկարներ կային, հատկապես՝ գունավոր, որոնցով կարողացան վերականգնել: Բավական ծանր, դժվար աշխատանք է»,- մանրամասնեց Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ որմնանկարի ամենավնասված հատվածը, որը մինչ այս պահպանվում էր գեղանկարչի թանգարանում, ավելի վաղ փրկվել էր իտալացի մասնագետների աջակցությամբ, որոնք հանձն էին առել անվճար ձեռնամուխ լինել աշխատանքին:

«Այնուհետև ստացանք այդ հրաշալի առաջարկը, որի համար պետք է հատուկ շնորհակալություն հայտնեմ Սուքիասյան ընտանիքին, որովհետև ֆինանսական առումով իրենք ամեն ինչ արեցին և այժմ որմնանկարը տեսնում ենք ամբողջական վերականգնված»,-հավելեց գեղանկարչի որդին՝ կարևորելով նաև, որ հոր փրկված ստեղծագործությունն այժմ ցուցադրվում է լայն հանրությանը հասանելի վայրում: 

«Այնպիսի զգացողություն է, կարծես, կորսվածը մշուշից, ժամանակի խորքից ուղղակի պոկես ու հետ բերես և հնարավորություն տաս, որ մարդիկ նորովի տեսնեն, զգան, ապրեն, ինչը շատ կարևոր է: Սա մեծ արժեք է՝ նյութական ու հոգևոր»,- ասաց Ավետիսյանը:

Արվեստաբան, արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտաշխատող Գայանե Պողոսյանն, անդրադառնալով հայկական կերպարվեստում Մինաս Ավետիսյանի ժառանգության նշանակությանը, նախ ընդգծեց, որ նա 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի ամենաճանաչված ու կարկառուն ներկայացուցիչներից է:

«Այս որմնանկարն արտացոլում է Մինաս Ավետիսյանի՝ հայ նկարչի կերպարը: Շատ բարդ է նկարել մի բան, որտեղ արտահայտվում է ոչ միայն Հայկական լեռնաշխարհը, այլև հայեցի կերպարը, հայ նկարիչ լինելը, նկարի ներքին բովանդակությունը: Մինաս Ավետիսյանի թե՛ հաստոցային աշխատանքները, թե՛ մոնումենտալ, թե՛ բեմական նկարազարդումներում կա այդ հայկականությունը: Դա արտահայտված է կոլորիտով, գունային լուծումներով, պատկերագրական առանձնահատկություններով: Նա հատկապես շեշտել է հայ կնոջ կերպարը, որովհետև սիրում էր այն, որը գալիս էր դեռևս մանկությունից, երիտասարդությունից, իր մոր կերպարից: Այս նկարում նա ևս պատկերել է հայ կնոջ աշխատանքի գեղեցիկ գործընթացը՝ համեմված Հայկական լեռնաշխարհի բնապատկերով, որտեղ կա արև, որը Մինասի ստեղծագործության մեջ շատ կարևոր դերակատարում  ուներ: Նրա գույները տաք են, ինչպես արևը: Շատ են բնորոշել նրան հենց այդ տեսանկյունից»,-ներկայացրեց զրուցակիցը:

Կարևորելով արվեստագետի մասնավորապես «Ցերեկ»-ը որմնանկարի վերականգնումը, արվեստաբանը ողջունելի համարեց այն փաստը, որ ստեղծագործությունը ներկայացվում է ոչ թե թանգարանային սրահում, այլ մի վայրում, որը բաց է լայն հասարակության առջև:

«Ժամանակին Մինասի աշխատանքները տեղ էին գտնում դպրոցներում, գործարանային, հասարակական շենքերի, հիմնարկների տարածքներում և այս մոտեցումը բավական ակտուալ է: Ողջունելի է նաև կատարված աշխատանքը, որովհետև հոյակապ աշխատանք է կատարված և հնարավորինս պահպանված են աշխատանքի գունային բոլոր մանրամասները: Հսկայական և բավական որակային գործ է կատարված՝ թե տեխնիկայի առումով, թե արտաքին մշակումներում»,- համոզմունք հայտնեց Պողոսյանը՝ կարևորելով անվանի գեղանկարչի տարեդարձի առթիվ նրա վերածնված հերթական ստեղծագործությունը հանրությանը վերադարձնելն ու ցուցադրելը:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում