2 րոպեի ընթերցում
Ուկրաինան առաջիկա շաբաթներին և ամիսներին կստանա բրիտանական և գերմանական պաշտպանական արդյունաբերության հետ համագործակցությամբ արտադրված հեռահար զենքի համակարգեր։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, որը հեռարձակվել է «Ֆենիքս» հեռուստաալիքով, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
«Մենք մանրամասն քննարկել ենք Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցության հարցը, և խոսքը ոչ միայն օդային պաշտպանության, այլև հեռահար համակարգերով ավելի լավ պաշտպանվելու կարողության մասին է։ Ուկրաինան մոտ ապագայում այս ոլորտում կստանա զգալի լրացուցիչ աջակցություն, այդ թվում՝ Ուկրաինայի հետ մեր կողմից հաստատված արդյունաբերական համագործակցության միջոցով», - ասել է Մերցը։
Մամուլի ասուլիսից առաջ տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի միջև բարեկամության պայմանագրի ստորագրումը։
Նա նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես կարող է Միացյալ Նահանգները փոխարինել այն զենքը, որը Եվրոպան նախատեսում է մատակարարել Ուկրաինային։
«Միացյալ Նահանգները պատրաստ է զենք մատակարարել Ուկրաինային եվրոպացի գործընկերների հաշվին։ Գերմանիան ցանկանում է կարևոր ներդրում ունենալ այս գործում։ Նախևառաջ, մեզ անհրաժեշտ է հստակություն, թե ինչպես է Միացյալ Նահանգները փոխարինելու եվրոպական կողմից փոխանցված զենքի համակարգերը», - ասել է Գերմանիայի կանցլերը։
Վերջինս հավելել է, որ պաշտպանության նախարարները ներկայումս քննարկում են ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերն Ուկրաինային արագորեն մատակարարելու մանրամասները՝ նկատելով, սակայն, որ դա ժամերի հարց չէ, այլ օրերի, գուցե շաբաթների հարց է։
«Այդուհանդերձ, բանակցությունները շատ հստակ են, և մենք դեռ արդյունք չունենք, բայց ամերիկյան կողմը պատրաստ է դա անել»,-հայտարարել է Ֆրիդրիխ Մերցը։