ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության անդամներին

5 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության անդամներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են  «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններն ու դիտարկումները:

Հանդիպմանը մասնակցել է նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել հետաքրքրության համար՝ ընդգծելով, որ համատեղ քննարկումներն  ու մասնակցային գործընթացը կօգնեն հստակեցնել ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի ձևակերպումները՝ մինչև երկրորդ ընթերցում  իրականացնելով անհրաժեշտ լրամշակումներ:

Նա կարևորել է բարեփոխումների արդյունավետությունը՝ նշելով, որ բոլոր դիտարկումները քննարկելի են. միաժամանակ առաջարկվող լուծումները պետք է լինեն հստակ և թիրախային։ 

«Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչները ներկայացրել են իրենց առաջարկներն ու դիտարկումները «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:

Մասնավորապես՝ քննարկվել են օրենքի նախագծով ամրագրվող գիտական կազմակերպությունների տեսակներին, գիտական գործունեությանը և հետազոտությունների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Բարձրագույն կրթության կազմակերպման գործընթացում հետազոտական բաղադրիչի ուժեղացման համատեքստում անդրադարձ է եղել նաև ակադեմիական ինստիտուտների և բուհերի միավորմանը:

ԿԳՄՍ նախարարի ընդգծմամբ՝ բարձրագույն կրթությունը և գիտությունը չեն կարող զարգանալ միմյանցից անջատ. գիտությունը պետք է ներառի ոչ միայն բուհական համակարգը, այլև գիտական ինստիտուտները և կենտրոնները, որոնց գործունեությունը միտված է  կոնկրետ խնդիրների լուծմանը: Նրա խոսքով՝ կարևոր է ունենալ գիտության զարգացման միասնական ռազմավարություն և հայեցակարգ, որոնք կներառեն տարբեր գիտական հետազոտություններ՝ հիմնարար, կիրառական, փորձարարական և այլն: Նշվել է՝ փորձարարական մշակումների հարցում կան որոշակի անորոշություններ, և անհրաժեշտ է հստակեցնել տարբեր գերատեսչությունների լիազորությունները: Միաժամանակ, ընդգծվել  է գիտական քաղաքականությունն ու զարգացման ուղղությունները համակարգող պատասխանատու մարմնի արդյունավետ գործունեության կարևորությունը:

«Գիտությունը պետք է դիտարկել որպես ամբողջական գործընթաց, որտեղ հետազոտությունը, փորձարկումները և կիրառական մշակումները փոխկապակցված են: Գիտական գործունեությունը չի կարող մեկուսանալ կամ բաժանվել առանձին մասերի: Գիտելիքի ստեղծումը և դրա կիրառումը պետք է լինեն անընդհատ գործընթաց, որտեղ հետազոտությունը, փորձարկումները և նորարարությունները միմյանց լրացնում են»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Անդրադարձ է եղել նաև ոլորտային քաղաքականության բարելավմանը, մասնավորապես՝ կարևորվել են կառավարման մեխանիզմների, մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ հետազոտական ծրագրերի իրականացման, գիտական գործունեությամբ զբաղվողների և հետազոտողների շարունակական զարգացման և աջակցության հարցերը։  

Այս համատեքստում քննարկվել է նաև գիտական և ճարտարագիտական գործունեության հասկացությունների և տերմինաբանության հստակեցման անհրաժեշտությունը՝ նպատակ ունենալով ստեղծել տնտեսական և գիտական զարգացումը խթանող արդյունավետ համակարգ։ Նշվել է նաև գիտական կազմակերպությունների բարեփոխման և գիտական գործունեության չափելիության կարևորությունը՝ ընդգծելով, որ շեշտը պետք է դնել  ոչ թե հոդվածների քանակի, այլ հետազոտությունների որակի և գործնական արդյունքների վրա։ Այս առումով կարևոր է օրենսդրությանը ճկունությունը, որը գիտական կազմակերպությունների համար զարգացման նոր հնարավորություններ կբացի։

Հանդիպմանը քննարկվել են նաև նախագծին և ոլորտային զարգացմանն առնչվող մի շարք այլ հարցեր։

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն