Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները երբեք այսքան հագեցած և վստահելի չեն եղել․Օլիվյե Դըկոտինյի
8 րոպեի ընթերցում
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան տարածքում հանդիսավոր պայմաններում նշվեց Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնը՝ Բաստիլի գրավման օրը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյին իր ելույթում նշեց, որ հին ռեժիմի կամայականությունների խորհրդանիշի՝ Բաստիլի գրավմամբ ֆրանսիական հեղափախությունն իր վճռական խոսքն ասաց, և այդ ժամանակից ի վեր Ֆրանսիայի ազգային տոն դարձած հուլիսի 14-ը խորհրդանշում է ֆրանսիական հեղափոխությունը՝ միավորելով ազատության, հավասարության ու եղբայրության սկզբունքները։
«Այդ սկզբունքների հանրագումարը միայն ֆրանսիացի ժողովրդինը չէ, այլ բոլոր ժողովուրդների ձգտումն է ու բոլոր ժողովրդավարությունների նվաճումը։ Մեր հայ բարեկամները դա լավ գիտեն, որովհետև քիչ շղթաներ չեն կոտրել ու քիչ Բաստիլներ չեն տապալել։ Ցեղասպանությունից փրկված ազգը, կայսրությունների տիրապետությունից թոթափված պետությունը, ինչպես նաև ժողովրդի կամքով ամրապնդված ժողովրդավարությունը հարստություն է աշխարհի և հույս՝ տարածաշրջանի համար։ Մեզ՝ ֆրանսիացիներիս համար Հայաստանի Հանրապետությունը քույր հանրապետություն է։ Սրանք լոկ խոսքեր չեն»,- ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը։
Դիվանագետը հիշեցրեց, որ հենց այսօր Ֆրանսիայի նախագահն ու Հայաստանի վարչապետը հանդիպել են Փարիզի Ելիսեյան պալատում։
Բաստիլի գրավման օրվան նվիրված արարողություններին Փարիզում ներկա է գտնվել նաև ՀՀ ԱԺ նախագահը, ինչը, դեսպանի խոսքով, ցույց է տալիս, թե որքան սերտորեն են երկու երկրները կապված միմյանց։
«Անցյալ տարի նշեցինք Շառլ Ազնավուրի 100-ամյակը և Փարիզի պանթեոնում ամփոփեցինք Միսակ և Մելինե Մանուշյանների աճյունները։ Այս տարի հիշում ենք նաև ծովակալ Դյուֆուրնեին, ով 1915 թվականի ամռանը ֆրանսիական երրորդ նավատորմի նավաստիների հետ Միջերկրական ծովում Մուսա լեռան ավելի քան 4000 հայերի փրկեց ցեղասպանությունից։ Նա գործել է առանց հրահանգների՝ հավատաիրմ իր խղճին և ֆրանսիացի սպային վայել պատվին։ 110 տարի անց Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցվեց նրան՝ Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների ներկայությամբ։ 110 տարի անց Մուսա լեռան ոգին շարունակում է ոգեշնչել մեզ՝ հայերին և ֆրանսիացիներին։ Մեր հարաբերությունները երբեք այսքան հագեցած և վստահելի չեն եղել»,- նշեց Դըկոտինյին։
Նա հավելեց, որ դիվանագիտական մակարդակում Ֆրանսիան աջակցում է Հայաստանի կառավարության խիզախ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հասնելուն և տարածաշրջանում հարաբերությունների կարգավորմանը։ Դիվանագետը հաստատեց, որ Հայաստանը միևնույն ժամանակ հանդես է գալիս որպես միջազգային հարաբերությունների խաչմերուկ։ 2026 թվականին Երևանը կհյուրընկալի կենսաբազմազանության հարցերով կողմերի համաժողովը և Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։
«Մենք մեր հայ ընկերների կողքին կլինենք այդ կարևոր միջոցառումների ժամանակ։ Ռազմապաշտպանական ոլորտում մեր համագործակցությունը նույնպես վճռականորեն առաջ է շարժվում։ Այն նպատակ ունի հնարավորություն ընձեռել Հայաստանին՝ պաշտպանելու իր բնակչությանը, տարածքն ու ինքնիշխանությունը։ Ուրախ ենք, որ ներդրում ունենք հայ զինվորների զինման, վերապատրաստման և խորհրդատվության տրամադրման գործում։ Մեր մտքերը նրանց հետ են, ովքեր այս պահին հսկում են բոլորի անվտանգությունը»,- ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը։
Նրա վկայությամբ՝ տնտեսական ոլորտում երկու երկրների փոխգործակցությունը նույնպես զարգանում է։ Հայաստանը ֆրանսիական «Իդեմիա» ընկերությանը վստահել է քաղաքացիների անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկումը։ «Քարֆուրը» շարունակում է ընդլայնվել Հայաստանում։ «Միստրալը» գործընկերություն է հաստատում ՀՀ-ի հետ արհեստական բանականության ոլորտում։ Գեղարքունիքում «Ռիշել գրուպը» կառուցում է վերջին սերնդի գյուղատնտեսական ջերմոցներ։ Իրականացվում են խոշոր նախագծեր մասնավորապես ենթակառուցվածքների ոլորտում։ Հատկապես նշանակալի է Վեդիի նախագիծը։ Հայաստանի անկախացումից ի վեր՝ ՀՀ-ում նմանօրինակ խոշոր ջրամբարի կառուցումը ֆինանսավորվում է Ֆրանսիական զարգացման գործակալության կողմից տրամադրված վարկի միջոցով. ջրամբարի կառուցումը կավարտվի այս աշնանը։
«Ֆրանսիան աջակցել է ՀՀ-ի հետ վիզաների ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունների մեկնարկին և կշարունակի աջակցել դեպի Եվրոպա խիզախորեն շարժվող այս երկրի նկրտումներին։ Մարդասիրական մակարդակում ֆրանսիական կողմը շարունակում է զորակցել Լեռնային Ղարաբաղի հայ փախստականներին և կանգնած է նրանց հյուրընկալող Հայաստանի կողքին։ Բռնի տեղահանումից երկու տարի անց մենք նրանց չենք մոռացել։ Ֆրանսիայի նախագահը մեզ համար սահմանել է ուղղություն, որի համաձայն՝ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին անվերապահ է, լիակատար և մշտական։ Այս աջակցությունը կշարունակվի վճռականորեն ընդհանուր ծրագրերի միջոցով, որոնք կիրականացվեն համատեղ ջանքերով։ Աջակցությունը կշարունակվի բոլոր ոլորտներում՝ մշակույթ, դիվանագիտություն, կրթություն, ֆրանկոֆոնիա, պաշտպանություն, շրջակա միջավայր, ենթակառուցվածքներ»,- մանրանասնեց Դըկոտինյին։
Դիվանագետը հիշեցրեց, որ ֆրանսիական կողմն առավել մեծ ուշադրություն է հատկացնում խոցելի շրջաններին։ Այդ նպատակով Սյունիքի մարզի Գորիս քաղաքում շաբաթներ առաջ բացվեց Ֆրանսիայի հյուպատոսական գրասենյակ և նույն քաղաքում անցկացվեց ֆրանս-հայկական ապակենտրոնացված համագործակցության հինգերորդ համաժողովը։
Դեսպանը հիշատակեց նաև Վանաձոր քաղաքը, որտեղ հունիսի 21-ին կայացավ երաժշտական փառատոն։
«Գիտենք, որ մեր առաքելության մեջ կարող ենք ապավինել Հայաստանի իշխանությունների մշտական, բարեկամական և բարեհաճ աջակցությանը՝ լինի կառավարության, ԱԺ-ի, մարզպետարանների, թե համայնքապետարանների ղեկավարների մակարդակով, որոնց հետ կա ամենօրյա համագործակցություն։ Շնորհակալ ենք բոլոր նրանց, ում համար թանկ է Հայաստանը։ Հայ ժողովուրդը հարստացրել է մեր մշակութային ակունքները, իր բարեկամությամբ և հավատարմությամբ պատվել մեր երկիրը, մեզ տվել է դուստրեր և որդիներ, որոնք նպաստել են Ֆրանսիայի կերտմանը։ Ֆրանսիացիները գիտեն դա, և եթե նրանք կարող են տարաձայնել շատ հարցերում, ապա Հայաստանի վերաբերյալ միակարծիք են։ Շնորհակալ ենք նաև ՀՀ-ում ֆրանսիական համայնքին, որն իր բազմազանությամբ հանդիսանում է սերտ հարաբերությունների կերտողը և համոզմունքով ու նվիրումով ներկայացնում է Ֆրանսիան Հայաստանում»,- եզրափակեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը։