Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՄԱԿ բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

4 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՄԱԿ բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Լուսինե Սարգսյանին։ Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Ժաննա Անդրեասյանը հանդիպման ընթացքում վստահություն է հայտնել, որ Լուսինե Սարգսյանի գործունեությունը կնպաստի ՄԱԲՀ-ի հետ արդյունավետ և սերտ համագործակցության զարգացմանը:  

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԲՀ-ի առաջիկա ծրագրերի շրջանակում ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Նախարարը կարևորել է ՄԱԲՀ-ի աջակցությունը մի շարք նախաձեռնություններին, մասնավորապես՝ «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի մշակման, հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման, ներդրման և առողջ ապրելակերպի դասավանդման բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքներին:

Նշվել է, որ 2020 թվականից ՄԱԲՀ-ը կրթության բարեփոխումների շրջանակում համակարգել է միջազգային գործընկերների (ՅՈՒՆԵՍԿՕ, ՅՈՒՆԻՍԵՖ, ՊՀԾ) աջակցությունը ԿԳՄՍ նախարարությանը` հանրակրթության պետական չափորոշչի շրջանակում: Մասնավորապես՝ աջակցությունն ուղղվել է բազմամասնագիտական փորձագիտական խմբի կողմից առողջ ապրելակերպի ուսումնական ծրագրի և ուսուցիչների ձեռնարկների մշակմանը, Տավուշի մարզում հանրակրթության պետական չափորոշչի փորձարկմանը, այդ թվում՝ ուսուցիչների վերապատրաստման կազմակերպմանը և դասապրոցեսի մոնիտորինգի իրականացմանը: Հիմնադրամն իրականացրել է նաև մրցակցային հիմունքներով ընտրված շուրջ 100 մենթորների վերապատրաստում, որոնք աշխատանք են իրականացրել տարբեր դասարանների ուսումնական ծրագրերի և ձեռնարկների մշակման ուղղությամբ:

Շնորհակալություն հայտնելով ներդրած ջանքերի և կատարած աշխատանքի համար՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է «Առողջ ապրելակերպ» առարկայի շրջանակում ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացման կարևորությունը՝ վերապատրաստման դասընթացների կազմակերպմամբ: 

ՄԱԲՀ գրասենյակի տնօրեն Լուսինե Սարգսյանը կարևորել է համագործակցությունը կրթության տարբեր մակարդակներում՝ ընդգծելով նաև Հայաստանի բուհերի հետ համատեղ կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը:

Նշվել է, որ  համագործակցության հուշագիր է ստորագրվել Երևանի պետական համալսարանի հետ, որի շրջանակում նախատեսվում է բուհի ժողովրդագրական կենտրոնի հետազոտական կարողությունների զարգացում: 

Կարևորելով բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը՝ նախարար Ժաննա Անդրեասյանն առաջարկել է ծրագրերը մոդուլային ձևաչափով ներկայացնելու և հետագայում դրանք այլ բուհերում ևս ներդնելու հնարավորությունը։ Այս համատեքստում ընդգծվել է նաև բուհերի աշխատակազմերի համար մեթոդական ձեռնարկների պատրաստման և տարածման անհրաժեշտությունը։ 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի։ 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում