Իրավունք

Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է ՀՀ պետական բյուջե

3 րոպեի ընթերցում

Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է ՀՀ պետական բյուջե

Առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի բիզնես կենտրոններից մեկի գրասենյակային նշանակության տարածքում մի խումբ անձինք իրականացրել են համացանցային զանգեր օտարերկրյա պետություններում գտնվող անձանց և շահութաբեր ներդրում կատարելու պատրվակով օգտագործելով իրենց կողմից կառավարվող կեղծ ներդրումային հարթակները՝ համակարգչային տարբեր ծրագրային ապահովումների, ցանցի կիրառմամբ հեռահար հասանելիություն են ստացել հիմնականում եվրոպական պետություններում բնակվող անձանց տարբեր հաշիվներին, բանկային հաշվեհամարներին և խնայողություններին, որոնցում ոչ օրինական հիմքով կատարել են փոփոխություններ:

«Մասնավորապես՝  բանկային քարտերը կցել են տարբեր վիրտուալ՝ իրենց կողմից կառավարվող հարթակներին, ինչպես նաև դրանցում կատարել առկա տարբեր արժույթների, կրիպտոհաշիվների փոփոխություններ և փոխանցումներ՝ հափշտակելով առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում  են Քննչական կոմիտեից:

Կատարված հափշտակություններից հետո հանցավոր կազմակերպության անդամները ֆինանսական միջոցները փոխանցել են բազմաթիվ կրիպտոդրամապանակների և ՀՀ-ում գործող տարբեր կրիպտոարժույթների փոխակերպման կետեր փոխանցելով՝ կանխիկացրել են: Այնուհետև, կանխիկացված գումարն օգտագործել են հանցավոր կազմակերպության մեջ ներգրավված անձանց արտարժույթի տեսքով կանխիկ գումարներ բաժանելով, տարածքի վարձավճարներ հատկացնելով, ինչպես նաև այլ նպատակներով:

Նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը) և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետով (հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով կատարված համակարգչային հափշտակությունը)։

Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում