Հայաստանի «Վավերագրողների գիլդիա»-ի նախագահ է ընտրվել կինոռեժիսոր Թամարա Ստեփանյանը
1 րոպեի ընթերցում

Կինովավերագրողների և Հայաստանի պրոֆեսիոնալ կինոգիլդիաների նախագահության համատեղ նիստին, որն անցկացվել է հուլիսի 11-ին, արձանագրվել է «Վավերագրողների գիլդիա»-ի ստեղծման անհրաժեշտությունը և վերջինիս համալրումը Հայաստանի պրոֆեսիոնալ կինոգիլդիաների ընտանիքում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վավերագրողները «Վավերագրողների պրոֆեսիոնալ կինոգիլդիա»-ի նախագահ են ընտրել մրցանակակիր ֆիլմերի ռեժիսոր, կինոարտադրությունում մեծ փորձառություն ունեցող և կինոոլորտի ամենաակտիվ ներկայացուցիչներից Թամարա Ստեփանյանին։
Ստեփանյանի «Իմ հայկական ուրվականներ»-ը ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան կայացել է 2024-ին Բեռլինի միջազգային կինոփառատոնում, ցուցադրվելու է Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ կինոփառատոնում, իսկ այս տարի հայկական կինոյի համար Ստեփանյանն արձանագրել է պատմական, աննախադեպ և հպարտության արժանի ձեռքբերում. նրա «Արտոյի երկիրը» առաջին խաղարկային ֆիլմով օգոստոսին բացվելու է Լոկառնոյի միջազգային կինոփառատոնը։