Շենժենի China Folk Culture Village-ը՝ անմոռանալի վայր յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար

5 րոպեի ընթերցում

Չինաստանի ամենազարգացած քաղաքներից Շենժեն այցելելիս զբոսաշրջիկները կարող են մեծ բավականություն ստանալ քաղաքի գեղեցիկ այգիներում զբոսնելով, ցուցահանդեսներ այցելելով, տեղի տեխնոլոգիական ձեռքբերումներին ծանոթանալով։ Իմիջիայլոց, տեխնոլոգիական զարգացման տարբեր դրսևորումների Շենժենում հնարավոր է հանդիպել ամեն քայլափոխի (մեծ էկրաններ, էլեկտրական մեքենաներ, գերժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած երկնաքերեր և այլն)։ Հատկապես մշակույթով հետաքրքրված զբոսաշրջիկների համար կարող է հրաշալի բացահայտում լինել Շենժենի ամենախոշոր այգիներից մեկը՝ «Հիանալի Չինաստան»-ը  (Splendid China), որին կից «Չինական ժողովրդական մշակույթի գյուղ»-ն է (China Folk Culture Village):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Շենժենում հյուրընկալված լրագրողները հնարավորություն ունեցան այցելել բառի բուն իմաստով շքեղ, բուսականությամբ հարուստ, վառ գույներով ու մշակութային ընդգրկուն ներկապնակով այգի՝ անմոռանալի դարձնելով օրը։

Անծայրածիր թվացող այգում ազգային դեմքն ու դիմագիծը, ճարտարապետության յուրահատկություններն արտացոլող մի շարք հրաշալի կառույցներ կան։ Հետաքրքիր են տարբեր ազգային փոքրամասնություններին նվիրված շինությունները՝ տաճարներ, խրճիթներ, մշակույթի կենտրոններ հիշեցնող փոքրիկ տներ։ Այգում տարբեր ազգերի ներկայացուցիչներն այցելուներին են ներկայացնում իրենց ավանդական երգն ու պարը, հանդես են գալիս ինտերակտիվ ներկայացումներով՝ իրենց հետ երգելու, պարելու հնարավորություն ընձեռելով։ Պետք է խոստովանել՝ գունավոր այգում ժամանակն արագ է անցնում։

«Չինական ժողովրդական մշակույթի գյուղ»-ը Չինաստանի առաջին խոշորամասշտաբ մշակութային զբոսաշրջային տարածքն է, որը մեկ այգում միավորում է տարբեր էթնիկ խմբերի ժողովրդական արվեստը, սովորույթները և բնակելի ճարտարապետությունը: Այն 200 հազար քառակուսի մետր տարածք  է զբաղեցնում։ Բացվել է 1991 թվականի հոկտեմբերին, ունի 25 տիպիկ գյուղ, որոնք ներկայացնում են 22 էթնիկ խմբի: Ինչպես արդեն ասվեց, այգում հնարավոր է դիտել մի շարք ներկայացումներ՝ «Ոսկե դինաստիա» մարտադաշտի շոու (ձիասպորտի վերակառուցում), «Արևելյան զգեստների էպոս», «Չինաստանի վիշապի և փյունիկի պար» (լայնածավալ հրապարակային արվեստի երեկոյի շոու) և այլն։ 

Գյուղը ցուցադրում է Չինաստանի էթնիկ խմբերի իսկական, հարուստ և բազմազան կենսակերպը, սովորույթներն ու ժողովրդական մշակույթը՝ բազմաթիվ եղանակներով։ 

Այգում կանոնավոր անցկացվում են մեծածավալ ժողովրդական փառատոններ՝ «Չինական էթնիկ տաճարի տոնավաճառ», «Ջրցող փառատոն», «Ջահերի փառատոն»,  «Ներքին Մոնղոլիայի մշակույթի շաբաթ» և այլն։ Այս բազմակողմանի մոտեցումն այցելուներին թույլ է տալիս զգալ չինացիների հոգին և հմայքը։ «25 գյուղ, 56 էթնիկ սովորույթ» թեմայով «Չինական ժողովրդական մշակույթի գյուղ»-ը ձեռք է բերել չինական ֆոլկլորի թանգարանի համբավ։

Այգում աչքի են զարնում հան էթնիկ խմբի հուշահամալիր-կամարակապ համալիրը և պեկինյան ոճի բակերը։ Փոքրամասնությունների գյուղերից են Մյաոն, Դոնգը, Յաոն, Լին և այլն։ Այդ գյուղերի երիտասարդ տղամարդիկ և կանայք ջերմորեն ողջունում են հյուրերին, անհրաժեշտության դեպքում պատասխանում հյուրերի հարցերին։ 

Բնակելի ճարտարապետության եզակի նմուշներ են Բույեի քարե գյուղերը, Մոսուո փայտե տները, Հանի սնկի տեսքով տները, Դայի բամբուկե տները, ղազախական յուրտերը, Տուջիայի ջրային փողոցային շուկաները, մոնղոլական յուրտերը, Յիի հողաշեն տները և այլն։ 

«Չինական ժողովրդական մշակույթի գյուղ»-ում կազմակերպվող ամենասպասված իրադարձություններից մեկն ամենամսյա լայնածավալ ժողովրդական փառատոնն է։ Այդ խոշոր, ռոմանտիկ, տոնական միջոցառումներն այցելուներին հնարավորություն են տալիս լիովին վայելել ցնծալի հավաքույթներն ու գնահատել չին ազգի կենսակերպի կենդանի պոեզիան։

 

Հայերեն Русский

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ