50 մլն եվրո՝ Սյունիքին. աջակցման ուղղություններն են կրթությունը, առողջապահությունը և ջրամատակարարումը
2 րոպեի ընթերցում

«Հայաստան. դիմակայուն Սյունիք» ծրագրի շրջանակում Սյունիքի մարզին կտրամադրվի 50 մլն եվրո։ Գումարը կուղղվի կրթությանը, առողջապահությանը և ջրամատակարարմանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 10-ին կայացած ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան. դիմակայուն Սյունիք» ծրագրի ֆինանսական համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը ներկայացրեց նախարարը, ընդունվեց։
«Ծրագրի ընդհանուր արժեքը 50 մլն եվրո է, որից ՀՀ կառավարությունը պարտավորվում է համաֆինանսավորել նաև հարկերը, տուրքերը, ծրագրի իրականացման հետ կապված մյուս գործառնական ծախսերը, որոնք նախատեսված չէ վարկային միջոցներից ֆինանսավորել։ Ծրագիրը բաժանված է երկու մասի՝ 25 մլն եվրո նախատեսված է Սյունիքի մարզում թվով 55 բնակավայրերի ջրամատակարարման համակարգերի բարելավման համար, մյուս 25 մլն եվրոն՝ կրթական և առողջապահական բաղադրիչների համար։ Գումարը նախատեսված է հանրային շենքերի, պոլիկլինիկաների, առողջապահական հաստատությունների, ամբուլատորիաների, Կապան և Սիսիան քաղաքներում մասնագիտական կրթության քոլեջների, բնակավայրերում ջրամատակարարման համակարգերի ենթակառուցվածքների կառուցման, զարգացման, ինչպես նաև բժշկական սարքավորումների ձեռքբերման և էլեկտրաարդյունավետության ծրագրի իրականացման համար»,-մանրամասնեց Խուդաթյանը։
Ծրագրի շրջանակում կապահովվի արդյունավետ տեխնիկական աջակցություն և կվերահսկվի ծրագրի ենթածրագերի իրականացումների մոնիտորինգը։
Ծրագիրը կիրականացնի Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը։