Քննչական կոմիտեն հերքում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պաշտպանի պնդումները

5 րոպեի ընթերցում

Հայաստանի քննչական կոմիտեն արձագանքել է «Սրբազան պայքար» շարժման գործով մեղադրյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի հայտարարություններին՝ շեշտելով, որ փաստաբանի հրապարակած պնդումներն ապատեղեկատվություն են և ուղղված են հանրային կարծիքի վրա ապօրինի ազդելուն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառմամբ արձագանքել է Խուդոյանի կողմից հնչեցված այն պնդումներին, թե իբր Քննչական կոմիտեն «կեղծել է ձայնագրությունները» և որ «մահապատժի ենթարկելու /գյուլլելու/ միտքը կտրված է կոնտեքստից»։ 

««Սրբազան պայքար» անվանումը ստացած շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու հանգամանքի մասին վկայող փաստերը, այդ թվում՝ օրենքով սահմանված կարգով ձեռք բերված ձայնագրությունների համապատասխան հատվածները հրապարակվելուց հետո վարույթի առանձին մասնակիցներ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված իրենց իրավունքները քրեական վարույթի շրջանակներում իրացնելու փոխարեն, շարունակում են հանրային տեղեկատվական հարթակներում ապատեղեկատվություն տարածելու գործելաոճը՝ այդ կերպ ակնհայտորեն փորձելով ազդել հանրային տրամադրությունների կամ կարծիքի վրա։

Մասնավորապես՝ Վազգեն Գալստանյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն այսօր հրապարակում է արել դատարան քաղաքացիական հայցեր ներկայացնելու իր նոր «պլաններ»–ի մասին՝ դրանում, ի թիվս այլնի, հերթական անգամ պնդելով, թե իբր «ապացուցված է արդեն, որ Քննչական կոմիտեն կեղծել է ձայնագրությունները» և «կոնտեքստից կտրված է հանցագործներին մահապատժի ենթարկելու /գյուլլելու/ միտքը»: Ընդ որում՝ փաստաբանը մեջբերված մտքերը հնչեցնում է՝ սկզբունքորեն անհաղորդ լինելով ձայնագրություններ կեղծելու փաստը միանշանակ հերքող պարզաբանումներին»,- գրել է Ավդալյանը։

ՔԿ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ հանրային տիրույթում նմանօրինակ հայտարարությամբ հանդես գալը և միակողմանի դատողությունները շարունակաբար կրկնելը, թե իբր Քննչական կոմիտեն ապացույցներ՝ ձայնագրություններ է կեղծել, վկայում է ձայնագրությունների բովանդակության մասին ոչ միայն հանրությանը, այլ նաև քննիչին ասելիք չունենալու մասին: 

«Միաժամանակ, վստահ ենք, որ ապացույցներ կեղծված լինելու մասին համոզմունք ունեցող իրավաբանը պետք է պատասխանատվություն ունենար և այդպիսի պնդումները հասարակության անդամներին անպատասխանատու կերպով հրամցնելու ապարդյուն փորձերի փոխարեն, հանցագործության մասին հաղորդում ներկայացներ՝ ստանձնելով նաև դրա իրավական հետևանքները»,- գրել է նա։

Քննչական կոմիտեից նաև փաստում են, որ Հովհաննես Խուդոյանը կեղծ տեղեկատվություն տարածելով քողարկված նպատակ ունի Քննչական կոմիտեին ներքաշել այնպիսի դաշտ, որն ակնհայտորեն վերածվելու է դատավարական ընթացակարգերից դուրս երկխոսության՝ դրանով իսկ նպատակ հետապնդելով նսեմացնել քրեական վարույթով ձեռք բերված իր տեսակով եզակի և անփոխարինելի նշանակություն ունեցող ապացուցողական զանգվածը, որը ձեռք է բերվել բացառապես օրենքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգերի շրջանակներում: 

«Այդուհանդերձ, հարգելով քրեական մեղադրանքից քաղաքացիաիրավական եղանակներով պաշտպանվելու մասին փաստաբանի որոշումը, կրկին պարզաբանում ենք, որ քրեական վարույթով ձեռք բերված ապացույցները հետազոտվում են օրենքով սահմանված դատավարական կարգով, իսկ սոցիալական ցանցերում դրանց ապացուցողական նշանակության նսեմացման մասին հայտարարությունները որևէ կերպ չեն կարող ազդել քրեական վարույթով այդ ապացույցների նշանակության վրա։

Ավելին, դատավարության մասնակիցները և հանրությունը հետագայում դատավարության ավելի ուշ փուլերում, այդ թվում նաև հրապարակային դատաքննությունների ընթացքում, հնարավորություն են ունենալու ոչ միայն ծանոթանալու ձայնագրությունների ամբողջական հատվածներին, այլև՝ մեղսագրված արարքները հաստատող այլ փաստական տվյալներին»,-եզրափակել է նա։ 

 

Հայերեն

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում