Հայաստան

Դովեղի դպրոցի կասեցված շինարարությունը վերսկսվում է

3 րոպեի ընթերցում

Դովեղի դպրոցի կասեցված շինարարությունը վերսկսվում է

Քաղաքաշինության կոմիտեն ներգրավել է նոր կապալառու` 2020 թվականից կնքված պայմանագրով նախատեսված Դովեղի դպրոցի կառուցման ծրագիրն ավարտին հասցնելու նպատակով: 

Ինչպես «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ ընդհատված ծրագիրը շարունակելու համար Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, պատասխանատու ստորաբաժանման մասնագետները, տեղական ինքնակառավարման մարմինների, նախագծողների ու տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների և նոր կապալառու ընկերության ներկայացուցիչներն ու ինժեներական անձնակազմը շրջայց են կատարել Տավուշի մարզի Դովեղի դպրոցի շինարարության հրապարակում, տեղում հստակեցրել նախատեսվող աշխատանքների հետ կապված բոլոր հարցերը։

Կոմիտեի նախագահը հանձնարարել է շինարարական աշխատանքները կատարել արագ տեմպով ու պատշաճ որակով, դպրոցի շենքի և հենապատի կառուցումն իրականացնել զուգահեռաբար՝ կանխելով առաջած ռիսկերը։ Տեղական ինքնակառավարման մարմինների հետ քննարկվել է վնասված ճանապարհի վերականգնումը ևս առաջիկայում նախատեսվող շինարարական աշխատանքներում ներառելու հնարավորությունը։

Դովեղի դպրոցի շինարարության համար պատասխանատու նախկին կապալառուն աշխատանքներն իրականացրել էր ժամկետների կոպիտ խախտումներով և նախագծից ու պահանջվող որակից շեղումներով, ինչը փաստագրվել է մասնագիտական հանձնաժողովի կողմից։ Արդյունքում կոմիտեն, հաշվի առնելով նաև Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի միջնորդագիրը՝ Վայոց ձորի մարզի Չիվայի դպրոցի շինարարական աշխատանքների ստուգման արդյունքում քաղաքաշինական գործունեություն իրականացնելու կազմակերպության լիցենզիայի կասեցման վերաբերյալ, միակողմանի լուծել էր կնքված պայմանագիրը։ «Անպատասխանատու գործելաոճն անընդունելի է՝ առավել ևս երեխաների համար նախատեսված ծրագիր իրականացնելիս։ Շինարարության մեջ նման ձեռագիրը մերժում են ոչ միայն պետական միջոցներով իրականացվող ծրագրերի պատվիրատուները, այլև հանրությունը և մասնագիտական համայնքը»,-կասեցված շինարարությանն անդրադառնալիս ընդգծել է կոմիտեի ղեկավարը՝ նոր կապալառուից պահանջելով պատասխանատու, սրտացավ մոտեցում և որակյալ արդյունք։

Նախկին կապալառուի հետ կնքված պայմանագրի լուծումն ընկերությունը բողոքարկել էր դատական կարգով։ Դատարանը մերժել է Քաղաքաշինության կոմիտեի դեմ ուղղված պահանջները՝ հօգուտ կոմիտեի կայացնելով վճիռ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում