1 րոպեի ընթերցում
Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Արմավիր քաղաքի բնակիչ 33-ամյա տղամարդը Նորավան գյուղում գտնվող իր ջերմատանն աճեցնում է կանեփ և ապօրինի պահում դրանից պատրաստված թմրանյութ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հունիսի 30-ին զննություն է կատարվել 33-ամյա տղամարդու ջերմատանը: Հայտնաբերվել է կանեփի յոթ բույս, իսկ ջերմատան վերջնամասում և մետաղյա արկղում` ավելի քան երեք կիլոգրամ չորացրած-մանրացրած կանեփանման զանգված:
«Ըստ տիրոջ` կանեփն ինքն է աճեցրել, թմրանյութն էլ` պահել անձամբ օգտագործելու համար:
Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: