Հայ և օտարազգի երաժիշտներից կազմված Եվրոպական սիմֆոնիկ նվագախումբը Երևանում նորովի կմեկնաբանի Բեթհովենի 7-րդ սիմֆոնիան
8 րոպեի ընթերցում

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հունիսի 30-ից հուլիսի 6-ը «Նոր եվրոպական ոդիսական» նախագծի շրջանակում հյուրընկալել է Եվրոպական սիմֆոնիկ նվագախմբին։ Նվագախումբը, որը բաղկացած է հայ և օտարազգի բարձրակարգ երաժիշտներից, հուլիսի 5-ին Երևանի օպերային թատրոնում հանդես կգա բացառիկ համերգով՝ կատարելով Բեթհովենի 7-րդ սիմֆոնիան։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Նոր եվրոպական ոդիսական» նախագիծը Ֆրանսիայի, Իտալիայի և Հայաստանի մշակութային հաստատությունների միջև ստեղծված դինամիկ համագործակցության արդյունք է։ Այն միավորում է երեք երկրների երաժիշտների՝ ընդգծելու Բեթհովենի մնայուն ժառանգությունը և վերաիմաստավորելու նրա դերը ժամանակակից մշակույթում։
Նախագիծը նախաձեռնել են «Շանզ Էլիզե» նվագախումբը, «Ջովաննի Պիերլուիջի դա Պալեստրինա» կոնսերվատորիան և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը: Այն կրում է «1824–2024 | Բեթհովենը և Եվրոպան» խորագիրը։
Հուլիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը «Նոր եվրոպական ոդիսական» նախագիծի տնօրեն Ժան-Լուի Գավատորտան անդրադարձավ «Շանզ Էլիզե» նվագախմբին՝ նշելով, որ այն հիմնադրվել է 35 տարի առաջ։
«Այն Ֆրանսիայի առաջին նվագախմբերից է, հիմնադրել է դիրիժոր Ֆիլիպ Հերևեգեն։ Ուղղվածությունը դասական և ռոմանտիկ երաժշտությունն է։ Նվագախմբի հիմնական առանձնահատկությունն այն է, որ ընդգրկում է երաժիշտների՝ եվրոպական տարբեր երկրներից։ Որոշեցինք, որ այն պետք է ընդլայնի իր աշխարհագրությունն ու հանդես գա շատ երկրներում և ընտրեցինք Իտալիայի Սարդինիա կղզին և Հայաստանը։ Հայաստանն աչքի է ընկնում իր հզոր մշակութային ավանդույթներով ու ժառանգությամբ, կարծեցինք, որ հետաքրքիր կլինի տեղի երիտասարդ երաժիշտների հետ որևէ համատեղ նախագիծ իրականացնել։ Մենք երիտասարդ երաժիշտների բաց կանչ հայտարարեցինք Հայաստանում և Իտալիայում, ընտրեցինք լավագույններին, սկսեցինք համագործակցել և մեկ տարի առաջ Սարդինիայում տեղի ունեցավ առաջին համերգը, իսկ այժմ Երևանում ենք՝ երկրորդ համերգը կյանքի կոչելու նպատակով»,-շեշտեց նա։
Երևան է ժամանել նաև ականավոր դիրիժոր Ֆիլիպ Հերևեգեն։ Նա հետևում է նվագախմբի փորձերին և իր խորհուրդներով առավել նպաստում կատարման որակի բարձրացմանը։ Նա ուրախ է, որ Հայաստանում է։ Դիրիժորի խոսքով՝ օպերային թատրոնի պայմանները հրաշալի են թե՛ փորձերի, թե՛ համերգի կազմակերպման համար։
«Երբ շրջագայությունների եմ մեկնում, համերգի հաջորդ օրը վերադառնում եմ հայրենիք, սակայն այս անգամ մեկ շաբաթ մնալու եմ Հայաստանում և հնարավորություն կունենամ բացահայտելու Հայաստանն ու Երևանը։ Լսել եմ, որ հայերը ջերմ են, հյուրընկալ են։ Այժմ ինքս կարող եմ փաստել դա»,-նշեց նա։
Խոսելով կայանալիք համերգի մասին՝ դիրիժորն ընդգծեց, որ նվագախմբում ընդգրկված են մինչև 30 տարեկան երաժիշտներ։
«Բելգիայից եմ և 40 տարի զբաղվում եմ հիմնականում բարոկկո երաժշտությամբ, շատ ենք ներկայացնում նաև Բախի գործերը։ Բարոկկո երաժշտություն ներկայացնող դիրիժորների առաջին սերնդից եմ։ Ինչպես մեքենաները, այնպես էլ երաժշտական գործիքներն այդ ժամանակից ի վեր մեծ զարգացում են ապրել, բայց ես հին բարոկկո գործիքներով էի ներկայացնում երաժշտությունը, հին նոտագրությամբ։ Բեթհովենի նոտագրությունն ու այժմյան մոտեցումը բոլորովին տարբեր են։ Տեսնելով, որ մեր ներկայացրած երաժշտությունը մեծ հետաքրքրություն է առաջացնում՝ սկսեցինք նաև Հայդն, Մոցարտ, Բեթհովեն նվագել։ Հայաստանում նվագելու ենք Բեթհովենի հավանաբար ամենագեղեցիկ՝ 7-րդ սիմֆոնիան։ Այն խիստ տարբերվելու է այլ կատարումներից, քանի որ հավատարիմ ենք մնալու հեղինակին»,-շեշտեց նա։
Երևանյան համերգին նվագախումբը ղեկավարելու է դիրիժոր, օպերային թատրոնի երգչախմբի ղեկավար Նարինե Ոսկանյանը։ Նա շատ հուզված է, որ իրեն նման հնարավորություն է ընձեռվել։
«Կամերային նվագախմբի հետ աշխատելու փորձառություն ունեցել եմ։ Այս նախագծին վերաբերվում եմ որպես կրթական մեծ նշանակություն ունեցող նախաձեռնության։ Հայաստանում դեռ չկա աուտենտիկ կատարման ավանդույթը, ինչը նշանակում է կատարել տվյալ դարաշրջանի ստեղծագործությունը հենց տվյալ ժամանակներին բնորոշ գործիքներով ու կատարողական առանձնահատկություններով։ Այս կարճ ժամանակահատվածում երաժիշտները կարողանում են սովորել նվագել այլ աղեղներով, այլ լարերի վրա, ինչը ենթադրում է այլ տեխնիկա»,-պատմեց դիրիժորն ու խոստովանեց՝ ոգևորված է, որ առիթ ունի աշխատելու Ֆիլիպ Հերևեգեի հետ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ուրախալի համարեց այն, որ նվագախումբը միջազգային կազմ ունի։ Փոխնախարարի խոսքով՝ Բեթհովենի երաժշտությունը փիլիսոփայություն է, ուղղված է համամարդկային արժեքների տարածմանն ու արդիական է մինչ օրս։
«Հայաստանում հանրության լայն շրջանակը չի ճանաչում դասական արվեստի ներկայիս մեծերին, այնինչ Ֆիլիպ Հերևեգեն լավագույն մաեստրոներից է՝ հատկապես բարոկկո և բեթհովենյան երաժշտություն ներկայացնելու տեսանկյունից»,-ասաց Դանիելյանն ու վստահեցրեց՝ դիրիժորի յուրաքանչյուր խոսք կարևոր խորհուրդ է, իսկ նրա ներկայությունը թատրոնում մեծ իրադարձություն է։
«Նոր եվրոպական ոդիսական» նախագծի մեկնարկը տրվել է 2024 թվականի հուլիսին Կալիարիում, երբ տասը երիտասարդ երաժիշտ միացել են «Շանզ Էլիզե» նվագախմբին և մասնակցել են 10 համերգներից բաղկացած եվրոպական շրջագայությանը, որը կազմակերպվել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի բարձր հովանու ներքո։
2025 թվականին նախագիծն անցկացվում Երևանում (հունիսի 30 - հուլիսի 6) Երևանի օպերային թատրոնում, իսկ ակադեմիան կղեկավարի աշխարհահռչակ դիրիժոր Ֆիլիպ Հերևեգեն։
«Նոր եվրոպական ոդիսական» նվագախմբի նախագիծը միավորում է տարբեր երկրների երաժիշտ-կատարողներին՝ խթանելով պատմամշակութային ժառանգության վերաիմաստավորումը և արվեստի նորարարական մոտեցումները՝ ստեղծելով հարթակ երիտասարդ երաժիշտների զարգացման, համագործակցության և մշակույթների միջև կապերի ձեւավորման համար։ Նախագիծը կոչված է եվրոպական երաժշտական ժառանգության հանրայնացմանը և ուղղված է արվեստագետներին՝ արձագանքելու ժամանակակից հասարակության մարտահրավերներին։
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության համաֆինանսավորմամբ: