Մշակույթ

Եղիշե Չարենցի տուն-թանգարանի 50-ամյակը կնշվի բացառիկ երաժշտական երեկոյով

2 րոպեի ընթերցում

Եղիշե Չարենցի տուն-թանգարանի 50-ամյակը կնշվի բացառիկ երաժշտական երեկոյով

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը հիմնադրման 50-ամյակը կնշվի բացառիկ երաժշտական երեկոյով, որը տեղի կունենա հուլիսի 9-ին հենց թանգարանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոյի շրջանակում կներկայանա ժամանակակից դասական կիթառի ամենանշանավոր դուետներից Eden-Stell Guitar Duo-ն, որը հանդիսատեսին կներկայացնի իր նոր CD ալբոմը։ Այս ձայնասկավառակը ոչ միայն առաջին դասական կիթառային դուետային ալբոմն է օտարերկրյա արտիստների կողմից, որը հիմնված է հայկական երաժշտության ու պոեզիայի վրա, այլև կարևոր քայլ է դեպի Հայաստանի մշակութային ժառանգության միջազգային տարածում։

Միջոցառման ընթացքում կհնչեն Սարաջյանի, Սթելի և Բաբաջանյանի ստեղծագործությունները։ 

«Ուրախալի է, որ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի բացման հոբելյանը նշանավորվում է նաև այսօրինակ միջոցառմամբ, որի առանցքում համագործակցության շարունակականության ապահովումն է թանգարանի և միջազգային տարբեր հարթակների  միջև»,-նշում է թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը։ 

Eden Stell Guitar Duo-ն ելույթ է ունեցել բազմաթիվ հեղինակավոր բեմերում և փառատոններում ամբողջ աշխարհում՝ Գերմանիա, Ֆրանսիա, Նիդեռլանդներ, Բելգիա, Ավստրիա, Շվեդիա, Իսպանիա, Պորտուգալիա, Իտալիա, Ռումինիա, Թուրքիա, ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա, ինչպես նաև Հարավային ու Կենտրոնական Ամերիկա և Ավստրալիա։ 

Նրանց միջազգային շրջագայությունները ներառում են ելույթներ Guitar Foundation of America-ի Omni սերիայի, Կանադայի Alla Grande փառատոնի, ինչպես նաև հեղինակավոր դահլիճներում՝ Բեթհովենի սրահում (Բոնն), Շտուտգարտի Liederhalle, Գեյթսհեդի Sage, Ուպսալայի կոնգրեսների սրահ, Նյու Յորքի 92nd Street Y, Լոնդոնի Wigmore Hall, Purcell Room և Kings Place։ Դուետի անդամները նաև VIDA Guitar Quartet-ի հիմնադիր անդամներն են, որն այժմ համարվում է աշխարհի ամենահայտնի դասական կիթառային քառյակներից մեկը։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում