Մշակույթ

«Ռեզոնանս» նախագծով Հայաստանի պետական ֆիլհարմոնիան կփոխի երկրում կենդանի երաժշտության մասին պատկերացումները

6 րոպեի ընթերցում

«Ռեզոնանս» նախագծով Հայաստանի պետական ֆիլհարմոնիան կփոխի երկրում կենդանի երաժշտության մասին պատկերացումները

Եվրոպական Միության LIVEMX ծրագրի դրամաշնորհի միջոցով Հայաստանի պետական ֆիլհարմոնիան կիրականացնի «Ռեզոնանս. վերափոխելով Հայաստանում կենդանի երաժշտության համերգների համերգասրահների և սպասարկման մասին պատկերացումները» նախագիծը։  Այն նշանակալի քայլ է Հայաստանում կենդանի երաժշտության ոլորտում նոր մասնագետների ներգրավման, ժամանակակից ստանդարտների ներդրման և տեխնիկական անձնակազմերի վերապատրաստման գործում։ Ծրագրի նպատակն է խթանել հայ և եվրոպացի մասնագետների համագործակցությունը, ներդնել կայուն մեթոդներ և ամրապնդել տեխնիկական անձնակազմերի մասնագիտական կարողությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը կիրականացվի 6 ամսվա ընթացքում՝ 2025-ի հուլիսից 2026-ի հունվար: Նախագծի շրջանակում ձեռք կբերվի բարձրակարգ տեխնիկա, որի կիրառմամբ մասնակիցները կարող են մասնագիտական հմտություններ ձեռք բերել, զարգանալ, հետագայում էլ պահանջված լինել ոլորտում։

Ծրագրի առանցքում է «Առնո Բաբաջանյան» համերգասրահը, որը կծառայի որպես ինքնատիպ «արվեստանոց»՝ մասնագիտական վերապատրաստումների և նորարարությունների համար։ 

Հուլիսի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղդյանն ասաց՝ նախագիծը կարևոր միտում ունի դահլիճների տեխնիկական անձնակազմի վերապատրաստման գործում։ 

Նրա խոսքով՝ այն ենթադրում է համերգների, միջոցառումների անցկացման տեխնիկական մասն ապահովող մասնագետների պատրաստում։

«Անգամ տեխնիկական գույք ձեռք բերելուց հետո դրա սպասարկումը շատ լուրջ հարց է դառնում։ Հուսանք, որ այս ծրագրի իրականացումից հետո  մեծ օգուտ կարող ենք տալ ընդհանուր դաշտին»,-նշեց Նաղդյանն ու հավելեց՝ կփորձեն ոչ միայն համերգային ոլորտում բարձրակարգ բովանդակություն ապահովել, այլև՝ կոնտենտի որակյալ սպասարկում։ 

«Ռեզոնանս» նախագծի ղեկավար Վարդգես Սայադյանը հայտնեց, որ նախատեսում են համատեղել մեծ, փոքր համերգասրահների, փառատոնների ներկայացուցիչների և վերծանել ոլորտում առկա մարտահրավերները, խնդիրներն ու փորձել լուծումներ գտնել։  Նախատեսում են նաև  առցանց դասախոսություններ, վարպետաց դասեր կազմակերպել, որոնք իրականացվելու են եվրոպական գործընկերների աջակցությամբ։

Նախագծի շրջանակում կլինեն հետևյալ հիմնական վերապատրաստումները՝ հմտությունների զարգացում ձայնային տեխնոլոգիայում, լուսային լուծումների նախագծում, լսարանի ներգրավման և համերգասրահների կառավարման ոլորտներում, փորձի փոխանակում եվրոպացի փորձագետների և ոլորտի հայ մասնագետների հետ, երաժշտական ռեզիդենտություններ և շոու-ծրագրեր, որոնք համատեղ ստեղծագործելու հարթակ կձևավորեն ու կնպաստեն միջազգային ճանաչելիությանը, կայուն մեթոդների ներդրում՝ ներառյալ էկոլոգիապես մաքուր միջոցառումների անցկացում և «կանաչ տեխնոլոգիաներ»-ի օգտագործում, թվայնացում և բաց հասանելիությամբ թվային կրթական հարթակի ստեղծում։

Նախագիծն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում ներառականությանը և գենդերային հավասարությանը՝ ապահովելով կանանց, երիտասարդների և հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք մասնակցությունը։

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գլխավոր պրոդյուսեր Արմեն Մանասյանն էլ ընդգծեց, որ վերջին տարիներին ակտիվ համագործակցում են տարբեր կառույցների, կազմակերպությունների հետ թե՛ միջազգային, թե՛ տեղական։ 

«Հենց այսօր մեկնարկելու ենք «Պրիմավերա» կրթական ծրագիրը, մի քանի օր առաջ էլ մի բացառիկ համերգային նախագիծ ունեցանք, սակայն առաջին անգամ է, որ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան պաշտոնապես դիմում է միջազգային խոշոր դրամաշնորհի և շահում է այն։ Կարող ենք արձանագրել, որ այս պահից սկսած՝ ֆիլհարմոնիան թևակոխում է մի նոր փուլ, որում միջազգային համագործակցության շրջանակն ընդլայնելուց բացի փորձում է ներգրավել ֆինանսական հնարավորություններ, ինչը կարող է շեշտակի ազդել արդյունավետության, ծրագրերի իրականացման տեմպի և որակի վրա»,-ասաց նա։

Եվրոպական գործընկերների՝ INOVA+ և Live DMA մշակութային հաստատությունների հետ համագործակցությամբ «Ռեզոնանս» նախագիծը միտված է հայաստանյան համերգասրահները լիարժեքորեն ինտեգրել եվրոպական երաժշտական համակարգին՝ Հայաստանը դիրքավորելով որպես վստահելի և առաջադեմ մշակութային գործընկեր։

«Այս նախագիծը ոչ միայն կարևոր միջոցառումների շարք է, այլև հստակ ուղերձ։
Մենք շեշտը դնում ենք մարդկանց մասնագիտական կարողությունների զարգացման վրա, արդիականացնում ենթակառուցվածքները՝ ձգտելով կենդանի երաժշտության ոլորտում Հայաստանը համապատասխանեցնել համաշխարհային չափանիշներին», - նշեց Սայադյանը։

Նախագծի ավարտին հետաքրքրված շրջանակներին հասանելի կլինեն մասնագիտական գործիքակազմերը, վերլուծություններն ու թվային ուսուցողական ռեսուրսները։ Շնորհիվ նախագծի՝ կզարգանան Հայաստանի և Արևելյան գործընկերության տարածաշրջանի մշակույթի և տեխնիկական ոլորտների մասնագետների կարողությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում