Կառավարությունը նախատեսում է աջակցել տրանսպորտային պարկի թարմացմանը և երթուղային ցանցի զարգացմանը
2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովը քննարկում է կառավարության ներկայացրած «Տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ նախագիծը, որով նախատեսվում է Կառավարությանը լիազորել հաստատելու աջակցության ծրագրեր՝ ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ոլորտներում նոր տրանսպորտային միջոցների ներգրավման և ծավալների ավելացման նպատակով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդգծեց, որ առաջարկվող լրացումն իրավական հիմք կստեղծի պետական աջակցության ծրագրեր իրականացնելու համար ավտոմոբիլային, երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի ուղղություններով։
Նախագծի նպատակն է խթանել նոր, արդիական և շրջակա միջավայրին քիչ վնաս հասցնող տրանսպորտային միջոցների օգտագործումը, բարելավել տրանսպորտային ծառայությունների որակը և հասանելիությունը, նպաստել մարզերում միասնական երթուղային ցանցի ներդրմանը, աջակցել քաղաքային էլեկտրատրանսպորտի և մետրոպոլիտենի զարգացմանը։
Նշվել է, որ մենաշնորհային ռիսկեր նվազեցնելու նպատակով իրականացվում է մրցութային համակարգի բարեփոխում՝ անցում կատարելով մեկ մարզ–մեկ օպերատոր սկզբունքին։ Սակայն որոշ մարզերում մրցույթները չեն կայացել ներդրումային մեծ ծախսերի և բիզնես ռիսկերից խուսափելու պատճառով։ Նոր լրացումն ուղղված է այս խոչընդոտների հաղթահարմանը։
Նախագծով Կառավարությունը հնարավորություն կստանա աջակցել նաև օդային և երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքների զարգացմանը, ինչը կնպաստի հանրապետության տարածքում ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալների աճին։