Իրավունք

Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լեհաստանի դատախազության պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լեհաստանի դատախազության պատվիրակությանը

Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 30-ին Դատախազության՝ Դիլիջանում գտնվող նստավայրում, ընդունել է Լեհաստանի Հանրապետության դատախազության պատվիրակությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Լեհաստանի պատվիրակությունը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու ՀՀ դատախազության հիմնադրման 107-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, Դիլիջանում 2025 թվականին հուլիսի 1-ին մեկնարկող՝ «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա և փողերի լվացում» թեմայով միջազգային երկօրյա բարձրաստիճան համաժողովին։

Գլխավոր դատախազը նշել է, որ Հայաստանի և Լեհաստանի միջև գործում է դեռևս 2004 թվականի սեպտեմբերի 6-ին Վարշավայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև հանցավորության դեմ պայքարում համագործակցության մասին» համաձայնագիրը:

Այս համատեքստում Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել վերջին 4 տարիների ընթացքում Լեհաստանի իրավասու մարմիններին հասցեագրված քրեական վարույթներով իրավական օգնություն ցույց տալու հարցումների շուրջ 85%-ը կատարելու համար:

Լեհաստանի պատվիրակությունը շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար ու ընդգծել Հայաստանի հետ համագործակցության և հարաբերությունների խորացման կարևորությունը: 

Համաժողովը կազմակերպվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրով համաֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող՝ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» և «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրերի շրջանակում:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում