Գավառի տարածքում պատմահնագիտական նոր հուշարձաններ են նկատվել
3 րոպեի ընթերցում

Գավառ քաղաքի արևելյան կողմում՝ Մանուչարի դաշտ կոչվող տարածքում, Գավառ-Մարտունի նախկին ավտոճանապարհի կողքերին պատմամշակութային արժեք ներկայացնող 3 կոթող՝ մեկ մենհիր ու գեղաքանդակ երկու խաչքար են նկատվել:
Գավառի բնակիչ, հնասեր Թաթուլ Տոնոյանի ուղեկցությամբ «Արմենպրես»-ի թղթակիցը լուսանկարել է դրանք:
Մենհիրը Գավառ-Մարտունի նախկին ավտոճանապարհի 7-8 -րդ կիլոմետրի հարավային կողմում է, մոտ հարյուր մետր հեռավորությամբ, Կարմիրգյուղի վարչական տարածքում։ Այն ունի շուրջ երկու մետր բարձրություն, ներքեւի մասում` մոտ մեկուկես մետր լայնություն։ Մեկ մետր բարձրությունից հետո հուշարձանը որոշակիորեն նեղանում է`նմանվելով խաչի։

Մենհիրները պաշտամունքային հսկայական քարե կոթողներ են, որոնք հեռավոր ժամանակներում կանգնեցվել են նախնյաց գերեզմանների կամ դամբարանների վրա։ Գտնված խաչքարերից առաջինը նկատվել է մենհիրից մի քանի հարյուր մետր դեպի հյուսիս, Գավառ-Մարտունի նախկին ավտոճանապարհի հյուսիսային կողմում։
Խաչքարը, որն իր պատրաստման ոճով նման է 9-10-րդ դարերի խաչքարերին, ունի շուրջ մեկ մետր բարձրություն, վերևի մասում շրջանաձեւ կտրվածքով, ու կես մետր լայնություն։ Այն ներքևի մասում թաղված է հողի հաստ շերտի տակ։ Վերին մասի քանդակների երկու կողմերում գիր է նկատվում, որը դժվարընթեռնելի է մամռակալման պատճառով։
Խաչքարերից երկրորդը առաջին խաչքարից մոտ երկու հարյուր մետր դեպի հյուսիս է, դարձյալ դաշտամիջյան ճանապարհի ուղիղ եզրին։
Նրա վերին մասը թեեւ կոտրված է ու բացակայում է տեղում, սակայն պահպանված մասն էլ չափազանց շքեղ է։ Այն ևս իր պատրաստման ոճով նման է 9-10-րդ դարերի քանդակներին։
Հետաքրքիր է, որ երկու խաչքարերի շրջակայքում էլ գերեզմանի կամ գարեզմանոցի հետքեր չնկատվեցին, ինչից կարելի է ենթադրել, որ այս խաչքարերն անմարդաբնակ այս տարածքում գուցե ծառայել են ճանապարհային ուղեցույցներ կամ սահմանախաչեր։ Հաջորդ ենթադրությունն այն է, որ դրանք գուցե հողի տակից դուրս բերված լինեն մելիորատիվ աշխատանքների ընթացքում։

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմական միջավայրի պահպանության Գեղարքունիքի մարզային ծառայության պետ Գոռ Գասպարյանը, նկատված մենհիրն ու երկու խաչքարերը ներառված չեն պետական պահպանության ցանկում։
«Մանուչարի դաշտում, որտեղից գտնվել են ձեր մատնանշած կոթողները, բազմաթիվ են պատմահնագիտական հուշարձանները, որոնք այդպես էլ չեն ներառվել պետական պահպանության ցանկում։ Հենց այդ տարածքից է վերջերս գտնվել ցլակերպ վիշապակոթողը ու մեկ խաչքար, որոնք արդեն պետական գրանցման փուլում են»,-ներկայացրեց Գոռ Գասպարյանը։
Խոսրով Խլղաթյան