Ջութակահար Մարտին Բազարյանը Հայաստանի ազգային գրադարանին հանձնեց բացառիկ մակագրություններով գրքեր
4 րոպեի ընթերցում

Ջութակահար Մարտին Բազարյանը, որ երկար տարիներ ապրում և ստեղծագործում է Կանադայում, պարբերաբար այցելում է Երևան, որտեղ հանդես է գալիս վարպետության դասերով։ Այս անգամ երաժիշտը հայրենիք է վերադարձել մեկ այլ առաքելությամբ. հունիսի 25-ին նա Հայաստանի ազգային գրադարանին է հանձնել մի շարք արժեքավոր գրքեր՝ բացառիկ մակագրություններով։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մարտին Բազարյանն ընդգծեց, որ բոլոր գրքերն իր հոր՝ 1946 թվականին արտերկրից հայերի հայրենադարձության և ընդունելության կազմակերպիչ, «Ներգաղթ» կոմիտեի տեսուչ Մովսես Բազարյանի և մոր՝ թարգմանչուհի Արտա Բազարյանի անձնական գրադարանից են։
«Մայրս անգլերենից հայերեն թարգմանություններ էր անում, իսկ այն տարիներին դա նորություն էր, քանի որ հիմնականում միջնորդ լեզվից՝ ռուսերենից էին թարգմանում, միայն 1950-ականներին սկսեցին բնագրից թարգմանություններ անել։ Գրքերը, որոնք նվիրում եմ գրադարանին, մորս և հորս են նվիրել հեղինակները։ Գրքերի վրա հնարավոր է գրողների յուրահատուկ և ջերմ մաղթանքներով մակագրությունները գտնել։ Ընկերներս խնդրեցին գրքերն իրենց ժառանգել, բայց ես որոշեցի վերադարձնել հայրենիք»,-նշեց նա։
Վիլյամ Սարոյանի, Էռնեստ Հեմինգուեյի որոշ ստեղծագործություններ առաջին անգամ բնագրից հայերեն է թարգմանել Արտա Բազարյանը։
«Երեխա էի, երբ մորս հետ հանդիպեցինք Վիլյամ Սարոյանին։ Այդ շրջանի հետ կապված շատ հետաքրքիր հիշողություններ կան։ Այդ մեծություններն այլևս չկան, բայց նրանց գրքերը հավիտենական են և պետք է պահպանվեն այս գրադարանում»,-շեշտեց Բազարյանը։
Հայաստանի ազգային գրադարանը Բազարյանի շնորհիվ հարստացավ Սերո Խանզադյանի, Արա Հարությունյանի, Սիլվա Կապուտիկյանի, Վիլյամ Սարոյանի, Էռնեստ Հեմինգուեյի, Արա Սարգսյանի, Օսկար Ուայլդի, Նաիրի Զարյանի և այլ ականավոր գրողների, արվեստագետների գրքերով։
Գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը պատմեց, որ Մարտին Բազարյանի հետ ծանոթացել է կինոռեժիսոր, կինոգետ Գարեգին Զաքոյանի միջոցով։ Զաքոյանը Չուլյանին ասել է, որ Բազարյանը ցանկանում է գրադարանին հանձնել Հունաստանի Կավալայի որբանոցի որբերի ցանկերը։ Այդպես կայացել է նրանց ծնոթությունը։
«Ես ևս Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգ եմ։ Իմ մեծ պապն ու տատը ևս Կավալայի որբանոցներում են եղել։ Հուզիչ էր, երբ հայտնաբերեցի, որ հենց այդ ցանկերն են։ Մարտին Բազարյանի հայրն առաջին ալիքի հայրենադարձության կազմակերպիչն էր դեպի Խորհրդային Հայաստան, ինչի շնորհիվ Մարտինն ուներ այդ հրատարակությունները»,-նշեց Չուլյանը։
Նա շեշտեց, որ Հայաստանի ազգային գրադարանում չկան ձեռագրեր, սակայն գրադարանը հայատառ տպագիր ժառանգության ամենամեծ պահոցն է աշխարհում։
«Մեզ հաճախ են դիմում օտար երկրներում ապրող հայրենակիցներ, որոնք խոստովանում են՝ իրենց սերունդները հայերեն խոսում են, սակայն տառաճանաչ չեն։ Մտածում են, թե ինչ է լինելու իրենց գրադարանի հետ։ Միշտ ասում եմ, որ Հայաստանի ազգային գրադարանը պատրաստ է ընդունել կարևոր հրատարակությունները։ Կցանկանանք, որ նրանց ժառանգներն իմանան, որ իրենց ընտանիքներից մի կտոր, իրենց պատմությունից մի դրվագ դարերով պահվելու է Հայաստանի ազգային գրադարանում»,-եզրափակեց Աննա Չուլյանը։