Քաղաքականություն

Թուրքիան կառուցողական է գնահատում կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի տեսլականը. Վահան Կոստանյան

2 րոպեի ընթերցում

Թուրքիան կառուցողական է գնահատում կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի տեսլականը. Վահան Կոստանյան

Հարավային Կովկասում տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի տեսլականը կառուցողական է գնահատվում Թուրքիայի կողմից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ 

Նրա խոսքով՝ Ստամբուլում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման փաստաթղթի և տրանսպորտային կոմունիկացիաների վերաբերյալ հարցերը։

«Կարծում եմ՝ հանդիպման ժամանակ թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի համար արձանագրվեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը բավականին մեծ կարևորություն ունի։ Գաղտնիք չէ, որ Թուրքիան ձգտում է դեպի Կենտրոնական Ասիա իր կապուղիներն ավելի բարելավել։ Իսկ Հայաստանի համար՝ որպես դեպի ծով ելք չունեցող պետություն, ուղղակի կենսական անհրաժեշտություն է ունենալ բաց սահմաններ։ Վերջին իրադարձություններն էլ ցույց տվեցին, որ պրակտիկորեն մեր 3, եթե ոչ 3.5 սահմանները փակ էին՝ կապված Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ»,-ընդգծել է Վահան Կոստանյանը։ 

Վերջինս նաև մանրամասնել է, որ Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետը Թուրքիայի նախագին ներկայացրել է  «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։  

«Ըստ էության, կա ընդհանուր ըմբռնում, որ Հայաստանը իր առաջարկներով կառուցողական է մոտենում կոմունիկացիաների բացմանը։ Հայաստանի տեսլականը կառուցողական է գնահատվում Թուրքիայի մեր գործընկերների կողմից»,-ընդգծել է ԱԳ փոխնախարարը՝ խոսելով «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի վերաբերյալ թուրքական կողմի արձագանքի մասին։ 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում