Չինական Շենժենի առաջընթացի գաղտնիքը. քաղաքը տասը սկզբունք է որդեգրել

5 րոպեի ընթերցում

Չինաստանի Շենժեն քաղաքը, որը հիմնադրվել է 1979 թվականին, չնայած երիտասարդ լինելուն՝ հասցրել է աշխարհում աչքի ընկնել ինքնատիպ ճարտարապետությամբ, թեմատիկ զբոսայգիներով, ցուցահանդեսներով, տեխնոլոգիական զարգացվածությամբ։ Քաղաքն ունի որդեգրած տասը սկզբունք, որոնք Շենժենին հնարավորություն են տալիս առաջատար լինել մի շարք բնագավառներում և մշտապես գրավիչ՝ զբոսաշրջիկների համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սկզբունքների մասին Հայաստանից Շենժեն ժամանած լրագրողներին հայտնեց քաղաքի արտաքին գործերի վարչության պետ Ցաո Սաիսիանը։ Նա հատուկ ընդունելություն էր կազմակերպել լրատվամիջոցների ներկայացուցիչների համար՝ հույս հայտնելով, որ Հայաստանի և Չինաստանի, ինչպես նաև Երևանի և Շենժենի միջև հարաբերությունները գնալով կարող են ավելի զարգանալ։

Սկզբունքներից առաջինը հետևյալն է՝ «Ժամանակը փող է, արդյունավետությունը՝ կյանք»։ Այն առաջադրվել է 1981 թվականին։ 1984-ին կարգախոսը հայտնվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային օրվան նվիրված շքերթում՝ դառնալով Չինաստանի շուկայական տնտեսության մեջ առաջընթացի խորհրդանիշ։

Երկրորդ սկզբունքն է՝ «Դատարկ զրույցները կործանում են երկիրը, իրական գործողությունները բարգավաճելու հնարավորություն են տալիս»։ Կարգախոսը հաստատվել է Շեկոուում 1992 թվականին։ Այն կոչ է անում քիչ բանավիճել և շատ աշխատել։

Երրորդ սկզբունքն է՝ «Խիզախիր լինել առաջինն աշխարհում»։ Այս կարգախոսն առաջ է եկել Դեն Սյաոպինի՝ 1992 թվականին Հարավային Չինաստան կատարած տեսչական շրջագայությունից հետո։ Այն արտացոլում է Շենժենի՝ որպես բարեփոխումների փորձարարական վայրի առաջամարտիկ ոգին:

Չորրորդ սկզբունքն է՝ «Բարեփոխումներն ու նորարարությունները Շենժենի արմատն ու ոգին են»։ Այն առաջարկվել է Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության քաղաքային կոմիտեի 2005 թվականի աշխատանքային նիստում։ Ընդգծում է ինստիտուցիոնալ բարեփոխումների կարևորությունը քաղաքի կայուն զարգացման գործում։ Ուղեկցվում է «Բարեփոխումների և նորարարությունների խթանման կանոնակարգի» ընդունմամբ։

Հինգերորդ սկզբունքն է՝ «Խրախուսել նորարարությունը, հանդուրժել ձախողումը»։ Այս գաղափարն ընկած է Շենժենի բարեփոխումների հիմքում։ 

Վեցերորդ սկզբունքն է՝ «Թող քաղաքը հարգեն ընթերցանության հանդեպ սիրո համար»։ 2000 թվականից ի վեր ամեն տարի Շենժենում անցկացվում է «Ընթերցանության ամիս», ինչի առթիվ կառուցվել են գրախանութներ, մշակութային կենտրոններ և գրադարաններ՝ կերտելով քաղաքի քաղաքակիրթ կերպարը։

Յոթերորդ սկզբունքն է՝ «Քաղաքացիների մշակութային իրավունքների իրականացում»։ Առաջին անգամ առաջարկվել է 2000 թվականին «Ընթերցանության ամիս» միջոցառման շրջանակում։ Կենտրոնանում է հանրային մշակութային ծառայությունների համակարգի ստեղծման և քաղաքացիների՝ մշակութային կյանքում ներգրավվածության բարձրացման վրա։

Ութերորդ սկզբունքն է՝ «Վարդ նվիրելիս ձեռքերը պահպանում են դրանց բույրը»։ Այն սկիզբ է առել հին հնդկական ասացվածքից։ Դարձել է Շենժենի ոգու հիմնական արտացոլումներից մեկը՝ նպաստելով հոգատար գործունեության լայն տարածմանը։

Իններորդ սկզբունքն է՝ «Չկան սահմաններ Շենժենի և աշխարհի միջև»։ Այն «Ունիվերսիադա 2011»-ի հայտի կարգախոսն է։ Քաղաքը ողջունում է տարբեր երկրներից Շենժեն եկած մարդկանց։ Քաղաքը նաև իր արտադրանքն է ներկայացնում ամբողջ աշխարհին։

Տասներորդ սկզբունքն է՝ «Ժամանել ես, ուրեմն շենժենցի ես»։ Այն ընդգծում է պատկանելության զգացումը և բազմամշակութային միաձուլման սոցիալական առանձնահատկությունը։

Ցաո Սաիսիանի խոսքով՝ այդ սկզբունքները քաղաքին և նրա բնակիչներին հնարավորություն են տալիս առաջինը լինել մի շարք ոլորտներում, նաև նպաստում են Շենժենի թե՛ տնտեսական, թե՛ մշակութային զարգացմանը։

Նա անդրադարձավ նաև քաղաքի անվանն ու ասաց՝ շեն նշանակում է խորը, ժեն՝ գետակ։ Շենժեն նշանակում է խորը գետակ։ «Շենժենում շատ են գետերը։ Հենց դա է քաղաքի անվան ընտրության առիթ դարձել»,-եզրափակում է Սաիսիանը։

Հայերեն Русский

ՀՀ վարչապետն անդրադարձել է, թե ինչն է խանգարում Հայաստանի և Ռուսաստանի փոխհարաբերություններին

Դարանակում 2018-2025 թթ-ին 561 միլիոն 24 հազար դրամ ներդրմամբ իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 5 ծրագիր

Ծակքարում խմելու ջրի մատակարարման նոր պոմպակայանի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են

Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները

Գառնիում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 14–ամյա Վահե Ապիկյանը

Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանում բացվել է «Գորգազարդ Հայաստան» ցուցադրությունը

10.9 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վեդու ջրամբարի շինարարությունն ավարտված է․ ընթացքի մեջ են նոր ջրամբարների կառուցումները

Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների օրինագիծը երկրորդ քվեարկությունն է անցել ԱՄՆ Սենատում

Սուբվենցիոն ծրագրով գազաֆիկացվում է Ամասիայի սահմանամերձ Գտաշեն բնակավայրը