Մշակույթ

Երբ հեռախոսները բացում են ամենամութ գաղտնիքները. «Անհայտ բաժանորդ» ներկայացումն արդեն երևանյան բեմում է

5 րոպեի ընթերցում

Երբ հեռախոսները բացում են ամենամութ գաղտնիքները. «Անհայտ բաժանորդ» ներկայացումն արդեն երևանյան բեմում է

Ռեժիսոր Արշալույս Հարությունյանի «Անհայտ բաժանորդ» ներկայացումը, որի համանուն ֆիլմը շուրջ վեց տարի առաջ մեծ հետաքրքրություն առաջացրեց, արդեն երևանյան բեմում է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նույն դերասանական կազմը նաև բեմում խաղաց հայտնի «մերկացնող» խաղը. սյուժեի հիմքում խաղն է, որի պատճառով խաղաղ մթնոլորտը խաթարվում է, ընկերների հանդիպումը բացահայտումների, հիասթափությունների առիթ դառնում։

Խաղի կանոնները պարզ են՝ ընկերները բարձրաձայն ընթերցում են այն հաղորդագրությունները, որոնք իրենց ուղարկում են, իսկ զանգերին պատասխանում են բոլորի ներկայությամբ։ Սկզբում զվարճալի է թվում։ Բայց րոպե առ րոպե հեռախոսները բացահայտում են գաղտնիքներ։ 

Ներկայացման մեջ զբաղված են Խորեն Լևոնյանը, Նազենի Հովհաննիսյանը, Բաբկեն Չոբանյանը, Մարջան Ավետիսյանը, Սոս Ջանիբեկյանը, Անի Խաչիկյանը և Արթուր Մանուկյանը։ 

Բաբկեն Չոբանյանի խոսքով՝ ինքը չէր կարող չհամաձայնել խաղալ ներկայացման մեջ, քանի որ երազանքի թիմ է հավաքվել։ 

«Այս նախագծին հոգեբանորեն հրաժեշտ էինք տվել, պարզվեց՝ շտապել էինք: Բավականություն եմ ստացել, քանի որ երազանքի թիմ է հավաքվել, ինչը շատ է ոգևորում: Ժամանակ է անցել, փոքր փոփոխություններ են եղել, բայց ընդհանուր առմամբ ամեն ինչ նույնն է: Գուցե փոխվել է մոտեցումը, փոքր դետալներ են թարմացվել. չէին կարող դրանք չլինել: Այս թիմի հետ աշխատելու, նաև նյութին տարիներ անց նոր ձևով նայելու, զգացողություններդ և վերաբերմունքդ վերանայելու ևս մեկ լավ առիթ է»,-նշում է Չոբանյանը:

Մարջան Ավետիսյանի խոսքով՝ ինքը չէր ցանկանա իրական կյանքում խաղալ այս խաղը։ 

«Համակարծիք եմ Խորեն Լևոնյանի հերոսի՝ Էդգարի հետ, ըստ որի՝ մենք շատ փխրուն ենք, իսկ սա հիմար խաղ է: Լավ կլինի՝ չիմանանք այլոց հեռախոսի պարունակությունը, քանի որ բոլորիս մեջ կա «սատանա», կան թեմաներ, որոնց մասին չէինք ցանկանա խոսել: Իսկապես այնքան ինֆորմացիա կա այդ «ամպիկի» մեջ»,-նշում է դերասանուհին: Ըստ նրա՝ թեման չի կորցնի իր արդիականությունը, իսկ իրենք հիմա ավելի հասուն են մոտեցել այս աշխատանքին։

Ըստ դերասանուհու՝ ներկայացումն այսօրվա հասարակության մասին է։ 

«Թվում է՝ այս տեխնոլոգիական դարում ազատ ենք, սակայն այդպես չէ, սահմանափակված ենք  այս սև արկղով: Հավելեմ նաև, որ բոլորս միմյանց շատ էինք կարոտել»,-եզրափակում է Մարջան Ավետիսյանը:

 Ի տարբերություն Մարջանի՝ Անի Խաչիկյանը պատրաստ է այս խաղին. 

«Նման խաղ խաղալը, հատկապես զույգի դեպքում շատ վտանգավոր է, բայց ես կգնայի այդ քայլին: Իմ «օրակարգում» չկա այնպիսի մի տեքստ, նկար կամ նյութ, որը կարող է խոցել իմ մտերիմներից որևէ մեկին, չնայած՝ չգիտեմ արդյոք կցանկանայի՞ խաղալ այլոց հետ, շատ վտանգավոր է, բոլորս խոցելի ենք: Ունենալով նման անձնական փորձ (հեռախոսի մեջ մտնելու ու ցավոտ իրականության հետ առերեսվելու)՝ մյուսներին նման պատասխանատվության չէի ենթարկի»,-ասում է Խաչիկյանը: 

Պրոդյուսեր Արման Միտոյանն արդյունքից շատ գոհ է։ 

«Ֆիլմի պրեմիերայից հետո այն ԱՄՆ-ում խաղացել էինք որպես ներկայացում, ապա որոշել, որ Հայաստանում ևս պետք է կրկնենք, սակայն 2020-ին ամեն բան փոխվեց: Հետո բոլորի զբաղվածությունից ելնելով՝ չէր ստացվում: Առաջին անգամ հենց Տիգրան Վիրաբյանն էր հուշել ֆիլմը պիես դարձնել, նա էլ առաջարկեց Հայաստանում նույնը կրկնել: Հեշտ չէր, բայց արեցինք: Բոլորը զբաղված են, իսկ ներկայացում վերականգնելը պահանջում է ժամանակ, փորձեր, բայց ստացվեց, քանի որ կամքը կար: Այս նախագիծը շատ սիրված է, հերթական աշխատանք չէ: Որոշեցինք ու արեցինք: Արշոն որոշակի նորամուծություններ ավելացրեց, օրինակ՝ էկրաններ, որոնք ավելի հետաքրքրացրին աշխատանքը»,-ընդգծում է Միտոյանը: 

Հուլիսի 25-26-ին «Անհայտ բաժանորդ»-ը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում կլինի: «Անհայտ բաժանորդ»-ն իտալական հայտնի «Կատարյալ անծանոթները» ֆիլմի հայկական տարբերակն է, որը տարբեր մեկնաբանություններով նկարահանվել է նաև Ֆրանսիայում, Իսպանիայում, Մեքսիկայում, Հունաստանում, Հարավային Կորեայում և Ռուսաստանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում