Աննա Հակոբյանը Վիեննայում մասնակցել է «Փափուկ ուժ և աշխարհաքաղաքականություն» խորագրով աշխատաժողովին
3 րոպեի ընթերցում

Վիեննայում հունիսի 17-ին և 18-ին տեղի է ունեցել Առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային հարթակի (Summit of First Ladies and Gentlemen Global Platform) կողմից կազմակերպված «Փափուկ ուժ և աշխարհաքաղաքականություն» խորագրով միջազգային աշխատաժողովը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Իմ քայլը» հիմնադրամը։
Միջոցառումը կայացել է Վիեննայի դիվանագիտական ակադեմիայի հետ համագործակցությամբ՝ Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայի և Ավստրիայի առաջին տիկին Դորիս Շմիդաուերի նախաձեռնությամբ և հովանավորությամբ։
Աշխատաժողովին մասնակցել է նաև ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը` աշխարհի տասնյակ երկրների բարձր կարգի ներկայացուցիչների հետ քննարկելու փափուկ ուժի՝ որպես դիվանագիտության գործիքի կիրառման հնարավորությունները։
Աշխատաժողովին մասնակցում էին առաջին տիկիններ և պարոններ՝ Ալբանիայից, Ավստրիայից, Էստոնիայից, Ֆինլանդիայից, Սլովենիայից, Սերբիայից, Ուկրաինայից, Գվատեմալայից, Գերմանիայից և այլն:
«Փափուկ ուժ և աշխարհաքաղաքականություն» աշխատաժողովը ներառում էր չորս թեմատիկ ուղղվածությամբ խորացված քննարկումներ՝ «Միջազգային դիվանագիտության և Փափուկ ուժի դերը ներկայիս աշխարհաքաղաքական մարտահրավերների պայմաններում», «Միջազգային պրոտոկոլի դերը», «Աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումները», «Կանանց դերը աշխարհաքաղաքականության և խաղաղության մեջ»։
«Աշխատաժողովի նպատակն էր համախմբել առաջին տիկնանց և պարոններին՝ խաղաղության կառուցման, նարատիվային երկխոսության և միջազգային համագործակցության խթանման շուրջ։ Այսօր, երբ աշխարհում հաճախ գերակշռում է կոշտ ուժի լեզուն, աշխատաժողովը կենտրոնանում էր փափուկ ուժի՝ կրթության, մշակույթի, մարդասիրության և հանրային վստահության և հանրային բարիքի վրա հիմնված ազդեցության կարևորման վրա։
Քննարկումների և մտքերի փոխանակման կլոր սեղանի շուրջ Աննա Հակոբյանը կիսվեց իր անձնական պատմությամբ` անդրադառնալով խաղաղության ձգտման և պահպանման գործում կանանց անփոխարինելի դերին: Նրա խոսքն ու փորձը մեծ արձագանք գտան երկրների Առաջին տիկնանց և պարոնների շրջանում, ովքեր բարձր գնահատեցին տիկին Հակոբյանի տեսլականը՝ նրան համարելով կանանց խաղաղարար գործունեության վառ օրինակ ու ոգեշնչող դերակատար։
Ժամանակակից խնդիրները պահանջում են ժամանակին համընթաց լուծումներ, և վաղուց այլևս արդյունավետ չեն դիվանագիտական և քաղաքական այն մոտեցումները, որոնք տարիներ շարունակ կիրառվել են: Այս աշխատաժողովը փաստեց, որ փափուկ ուժի թիրախային և մտածված կիրառումը կարող է դառնալ գերարդյունավետ գործիք՝ մեր օրերի քաղաքական ու հասարակական վերափոխումների գործում»,- ասված է հաղորդագրության մեջ: